Մեկնարկեց «ԿիբեռԱմիս-2025»-ի շրջանակում անցկացվող Հայաստանի ուսանողական ազգային առաջին կիբեռվարժանքը։ ԵՊՀ ուսանողները մրցույթի առաջին փուլում զբաղեցրին մրցանակային հորիզոնականներ՝ ի ցույց դնելով իրենց մասնագիտական հմտությունները և հարուստ գիտելիքները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Նրանք կարևորեցին կիբեռվարժանքների դերակատարումը հատկապես ուսանողների շրջանում, քանի որ կիբեռկարողությունների հզորացումը սկսվում է հենց կրթությունից: Նրանց խոսքով՝ այդ է պատճառը, որ մրցույթի կազմակերպիչների ջանքերն ուղղված են ուսանողների համար այսօրինակ վարժանքների միջոցով իրական կիբեռսցենարների միջավայր ստեղծելուն։ Ըստ նրանց՝ նման մրցույթները կօգնեն ուսանողներին ստանալ գործնական հմտություններ, ստացած գիտելիքը կիբեռիրավիճակներում կիրառելու հնարավորություն՝ կյանքում ստեղծված բարդ խնդիրները լուծելու համար։
Դիմելով ուսանողներին՝ Ներսես Երիցյանը հավելեց, որ չպետք է վախենալ ձախողումներից, ինչը ևս կյանքի մի մասն է կազմում, ուստի ամենօրյա համառ աշխատանքով պիտի զարգացնել գիտելիքները, բարելավել փորձառությունը, համագործակցել ոլորտի մասնագետների հետ և կատարելագործվել։
Կիբեռվարժանքն ունի երկու փուլ՝ անհատական և թիմային: 60 մասնակիցներ ներկայացնում էին Հայաստանի տարբեր բուհեր՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան և այլն:
ԵՊՀ ուսանողներին վարժանքի ընթացքում աջակցում էր ԻԿՄ ֆակուլտետի դասախոս Նարինե Մարտիրոսյանը:
Ընդգծենք, որ անհատական մրցույթում պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ուսանող Ժենյա Միրզոյանը՝ ցույց տալով 100-տոկոսանոց արդյունք (10․000 միավորով): ԵՊՀ մյուս 6 ներկայացուցիչներից երկուսը նույնպես անցան խմբային փուլ. Ադելինա Զախարյանը զբաղեցրեց 6-րդ (9000 միավորով), Արշակ Զատիկյանը՝ 22-րդ (5000 միավորով) հորիզոնականները:
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներից ձևավորվեց 6 խումբ՝ 5-ական ուսանողով: Խմբային փուլը կանցկացվի այս տարվա նոյեմբերին, ինչի արդյունքում կընտրվի Հայաստանի ազգային ուսանողական կիբեռթիմը: Հենց այդ կիբեռթիմն էլ 2026-ին կներկայացնի Հայաստանը Եվրոպական կիբեռանվտանգության մրցույթում (European Cybersecurity Challenge, ECSC):
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ Ժենյա Միրզոյանին, Ադելինա Զախարյանին և Արշակ Զատիկյանին՝ բարձր արդյունքների և մասնագիտական հմտությունների ցուցադրման համար՝ մաղթելով նոր հաջողություններ կիբեռանվտանգության ոլորտում:
Հիշեցնենք, որ «ԿիբեռԱմիս-2025»-ը և դրա շրջանակում անցկացվող միջոցառումներն իրականացվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:
 
 
         
         
         
         
        




 
          