Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ս․թ․ մարտի 27-28-ը անցկացվեց «International Cybersecurity CTF 2026» հեղինակավոր մրցույթը, որին մասնակցեց Երևանի պետական համալսարանի «sudo YSU» թիմը։ 17 երկրների 100 լավագույն համալսարանական թիմերի շարքում ԵՊՀ-ն Հայաստանը ներկայացնող միակ թիմն էր:
Կիբեռանվտանգության միջազգային մրցույթը կազմակերպվել էր Տաշքենդի Կենտրոնական Ասիայի համալսարանի նախաձեռնությամբ:
Մրցույթն անցկացվեց ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ընդարձակ սրահում, որտեղ տիրում էր մրցութային լարված մթնոլորտ: Կազմակերպիչները սահմանել էին խիստ կանոններ. թիմի ղեկավարների մուտքն աշխատանքային տարածք արգելված էր, իսկ կամավորների հատուկ խումբը հետևում էր, որ առաջադրանքների լուծման ընթացքում բացառվի արհեստական բանականության օգտագործումը կամ չգրանցված սարքերի կիրառումը:
Մրցույթի արդյունքում ԵՊՀ-ն ներկայացնող «sudo YSU» թիմն ընդգրկվեց երրորդ տասնյակում:
Թիմի ղեկավար, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Մարտիրոսյանը, անդրադառնալով ԵՊՀ թիմի մասնակցությանը մրցույթին, ընդգծեց. «Մեր ուսանողները ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև իրենց կազմակերպվածությամբ, համերաշխությամբ ու մարտական ոգով բարձր պահեցին համալսարանի պատիվը»։
Հատկանշական է, որ թիմի առաջատար անդամ Սանդրո Հակոբյանը, որը մրցույթի կանոնների սահմանափակումների պատճառով այս անգամ չկարողացավ մասնակցել, շարունակում էր ակտիվորեն մարզել թիմը, փոխանցել իր փորձն ու հմտությունները նորեկներին։
Մրցույթը հնարավորություն տվեց ուսանողներին ընկերանալու տարբեր երկրների մասնակիցների հետ՝ դրանով իսկ ամրապնդելով միջազգային կապերը։ Մրցույթի վերջին օրը կազմակերպված քաղաքային տուրն ուսանողներին հնարավորություն տրվեց ծանոթանալու Տաշքենդի պատմամշակութային վայրերին և համտեսելու ավանդական ուզբեկական փլավ։
Այս մասնակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ԵՊՀ ուսանողները մրցունակ են միջազգային ասպարեզում և պատրաստ են դիմակայելու կիբեռանվտանգության ոլորտի ամենաբարդ մարտահրավերներին:



