
Լեհաստանի Շեդլեց քաղաքում մարտի 26-30-ին անցկացված XPC վարկածով ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան՝ ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։
Հավաքականի կազմում առաջնությանը մասնակցում էր նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Անգելինա Չոբանյանը:
Նա առաջին մոտեցմամբ ձգել է 100 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ՝ 110 կգ։ Թեժ պայքարում 110 կգ-ով Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն ապահովելուց հետո Անգելինան երրորդ մոտեցմամբ ձգել է 122,5 կգ։
Եվրոպայի առաջնությանը մասանակցած 15 երկրի ավելի քան 400 մարզիկների 67.5 կգ քաշային կարգի կանանց պայքարի «Ձգում» մրցաձևում մեր մարզուհին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ բացարձակ հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե գավաթակիր:
Անգելինա Չոբանյանը Հայաստանի քառակի չեմպիոն է: Սա մարզուհու առաջին միջազգային մրցաշարն էր: