ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հանդիսավորությամբ նշվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանի 80-ամյակը:
ԵՊՀ ռեկտորի կողմից վաստակաշատ գիտնականը գիտամանկավարժական գործունեության ու գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվեց ԵՊՀ բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում։ Միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ, հրավիրյալ հյուրեր:
Պրոֆեսոր Եղիազարյանին շնորհակալագրեր և պատվոգրեր շնորհեցին նաև մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:
Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը, կենդանաբանության ամբիոնի վարիչ Աստղիկ Ղազարյանը, ամբիոնների վարիչներ և հյուրեր:
Կենսաբանության ֆակուլտետը ևս մեկ անգամ շնորհավորում է պրոֆեսոր Եղիազարյանին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների գիտամանկավարժական բեղուն գործունեություն։





