ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնում իրականացվող «APPEAR Academic Project 373» ծրագրի շրջանակում կայացավ շահագրգիռ կողմերի աշխատաժողով՝ «Հայաստանի սնկերի բազմազանությունը՝ ընդառաջ «COP17»-ին» թեմայով։
Աշխատաժողովը համախմբեց ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների, գիտահետազոտական կենտրոնների և համապատասխան ոլորտների մասնագետների՝ նպատակ ունենալով քննարկելու ծրագրի ընթացքը, արդյունքները և զարգացման հետագա ուղղությունները։
Մասնակիցները ներկայացրին կատարված աշխատանքների արդյունքները՝ կապված սնկերի տեսակային կազմի ուսումնասիրության և նոր տեսակների բացահայտման հետ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի սնկերի բազմազանության ուսումնասիրության արդիականությանը և դրա նշանակությանը գլոբալ կենսաբազմազանության պահպանության համատեքստում, հատկապես՝ «COP17»-ի նախապատրաստական գործընթացների շրջանակում։
Աշխատաժողովի շրջանակում ակտիվ քննարկումներ ծավալվեցին կրթական ծրագրերի մշակման, գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման և կարողությունների զարգացման հնարավորությունների շուրջ, հատկապես՝ կենսաբանական գիտությունների ոլորտում։ Շահագրգիռ կողմերը ներկայացրին արժեքավոր առաջարկներ և դիտարկումներ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման վերաբերյալ։ Ինտերակտիվ ձևաչափը նպաստեց բաց և արդյունավետ երկխոսությանը։
Միջոցառումն ավարտվեց հետագա համագործակցությունը շարունակելու և ծրագրի հաջող իրականացմանը նպաստելու ընդհանուր պատրաստակամությամբ։
Գիտական այս միջոցառման արդյունքները կօգնեն ծրագրի հետագա կատարելագործմանը և դրա կայունության ու ազդեցության ապահովմանը և կարևոր ներդրում կլինեն Հայաստանի գիտական ներուժի զարգացման և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների մեջ՝ համահունչ միջազգային գործընթացներին, այդ թվում՝ «COP17»-ի օրակարգին։