ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Նարինե Զաքարյանը և նույն ամբիոնի ավագ լաբորանտ, կ.գ.թ. Նունե Քարտաշյանը գործուղվել են Բուրգունդիայի համալսարան (Ֆրանսիա) ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական արդյունավետության խթանման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Գործուղման նպատակն էր ընդլայնել գիտահետազոտական համագործակցությունը ծրագրի գործընկեր Բուրգունդիայի համալսարանի պրոֆեսոր Անն-Կլեր Միտեն-Օֆերի հետ, ինչպես նաև ուսումնասիրել բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի հետազոտության ժամանակակից մեթոդները։
Այցի շրջանակում Կյանքի, Երկրի և շրջակա միջավայրի գիտությունների ֆակուլտետի գիտաշխատողների մասնակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով, որտեղ Նարինե Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի եթերայուղատու բույսերի կենսաբազմազանության և կենսակտիվության վերաբերյալ հետազոտությունները, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի բուսաբանության և սնկաբանության ամբիոնում իրականացվող գիտական և կրթական գործունեությունը։
Բուրգունդիայի համալսարանի ֆարմակոգնոզիայի լաբորատորիայի գիտաշխատողների հետ քննարկվել են ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ուղղված բույսերի քեմոտիպերի բացահայտմանը և դեղաբանական ակտիվության գնահատմանը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հայաստանի Lamiaceae ընտանիքի վայրի եթերայուղատու բույսերի կենսաբազմազանությունն ու կենսակտիվությունը» դրամաշնորհային ծրագիրը միտված է խթանելու Բուրգունդիայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև գիտակրթական համագործակցությունը Հայաստանի բույսերի դեղաբանական հատկությունների ուսումնասիրության զարգացման նպատակով։ Նախագիծը նպաստում է հետազոտական կարողությունների ամրապնդմանը, ժամանակակից մեթոդների ներդրմանը, երիտասարդ գիտնականների մասնագիտական աճին, ինչպես նաև միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը և համատեղ գիտական արդյունքների հրապարակմանը միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում։





