ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը ս.թ. մայիսի 18-ին Բույսերի միջազգային օրվա առթիվ (Fascination of Plants Day) կազմակերպել էր գիտակրթական սեմինար և ծառատունկ՝ նվիրված բույսերի կարևորությանն ու կենսաբազմազանության պահպանությանը։
COP17-ին ընդառաջ կազմակերպված միջոցառման նպատակն էր ընդգծել բույսերի, անտառային էկոհամակարգերի և ընդհանուր կենսաբազմազանության պահպանության կարևորությունն ու անխուսափելի անհրաժեշտությունը ժամանակակից բնապահպանական մարտահրավերների պայմաններում։
Սեմինարի ընթացքում հանգամանորեն ներկայացվեց բույսերի դերը էկոհամակարգերի կայունության, կլիմայի կարգավորման, մարդու առողջության, սննդային անվտանգության և բնական ռեսուրսների պահպանության գործում։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի բուսական աշխարհի հարուստ բազմազանությանը, էնդեմիկ և հազվագյուտ տեսակների պահպանության կենսական անհրաժեշտությանը: Այս համատեքստում առանձնապես ընդգծվեց գիտական հետազոտությունների և կրթության դերը բնության պահպանության, վերականգնման գործում։
Բույսերի ուսումնասիրությունը միայն ակադեմիական նշանակություն չունի. այն կարևոր հիմք է կենսաբազմազանության կայուն կառավարման, բնապահպանական քաղաքականության և հասարակության էկոլոգիական իրազեկման համար։
Սեմինարին հաջորդեց ծառատունկ Հրազդանի կիրճում: Միջոցառման մասնակիցներն իրենց ներդրումը կատարեցին քաղաքի էկոլոգիական միջավայրի բարելավման և կենսաբազմազանության պահպանության գործում։ Խորհրդանշական և գործնական այդ քայլն ուղղված էր Երևանի կանաչ միջավայրի բարելավմանը, բնական տարածքների պահպանությանը և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի նախաձեռնությունը միտված էր ոչ միայն նշելու այս կարևոր օրը, այլև խթանելու երիտասարդների հետաքրքրությունը բույսերի ուսումնասիրության, բնապահպանության և կենսաբազմազանության պահպանության գործում։ Բնության պահպանումը սկսվում է գիտելիքից, հոգատարությունից և գործնական քայլերից:








