Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ ԵՊՀ գրադարանին նվիրաբերվեց հայազգի մտավորական, փիլիսոփա, միստիկ, կոմպոզիտոր և պարուսույց Գեորգի Գյուրջիևի գործունեությանն ու գաղափարներին նվիրված մասնագիտական գրականության արժեքավոր հավաքածու՝ ավելի քան 80 անուն գիրք։
Հանդիպման ընթացքում UCLA-ի պրոֆեսոր Փիթեր Քաուն ընդգծեց ԵՊՀ-ի և UCLA-ի միջև ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը։ Նա նշեց, որ գրքերն իրենց իրական արժեքը ձեռք են բերում այն ժամանակ, երբ հասանելի են դառնում ընթերցողներին, ուսանողներին և հետազոտողներին։
Պրոֆեսոր Քաուն նաև հույս հայտնեց, որ առաջիկայում ԵՊՀ-ում հնարավորություն կստեղծվի Գյուրջիևի ուսմունքին նվիրված հատուկ դասընթացներ անցկացնելու։
Նվիրաբերված հավաքածուն կընդլայնի ԵՊՀ գրադարանի մասնագիտական գրականության ֆոնդը՝ նոր հնարավորություններ ստեղծելով Գյուրջիևի ժառանգությունն ուսումնասիրողների համար։















