Ինչպե՞ս և ովքե՞ր հնարավորություն ունեն դառնալու գրադարանի ընթերցող
ԵՊՀ գրադարանին հնարավորություն ունեն անդամակցելու բոլոր համալսարանականները՝ առկա և հեռակա բաժինների ուսանողները, հայցորդները, ասպիրանտները, աշխատակիցները։
Գրադարանի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ միասնական տոմս։
Ոչ համալսարանականները նույնպես հնարավորություն ունեն օգտվելու գրադարանի ծառայություններից՝ գրադարանի տնօրենի թույլտվությունն ունենալու դեպքում։
Ինչպե՞ս ձեռք բերել գրադարանի տոմս
Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ միասնական տոմս, որը ուսանողներին տրամադրում է ֆակուլտետը: Այն և՛ ուսանողական տոմս է, և՛ գրադարանի (ընթերցողական), որը տրվում է որոշակի ժամկետով` ելնելով ընթերցողի համալսարանական կարգավիճակից։ Ըստ այդմ, միասնական տոմսը տրվում է՝
- բակալավրիատի ուսանողներին չորս տարի ժամկետով,
- մագիստրատուրայի ուսանողներին երկու տարի ժամկետով,
- ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին՝ նրանց հետ կնքված պայմանագրի ժամկետին համապատասխան։
Ի՞նչ անել, եթե կորցրել եք միասնական տոմսը
Սիրելի՛ ընթերցող, միասնական տոմսը կորցնելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
- Տոմսը արգելափակելու համար նամակ գրել library@ysu.am էլհասցեին` նշելով տոմսը կորցնելու փաստը, Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը։
- Այնուհետև, միասնական տոմսը վերաթողարկելու համար դիմե՛ք Ձեր ֆակուլտետի գրասենյակ, որտեղ կստանաք հրահանգներ հետագա քայլերի վերաբերյալ։
Ինչպե՞ս վերաթողարկել (ձեռք բերել) նոր տոմս
Ընթերցողական տոմսը վերաթողարկելու համար դիմե՛ք Ձեր ֆակուլտետի գրասենյակ, որտեղ կստանաք հրահանգներ հետագա քայլերի վերաբերյալ։
Տոմսի վերաթողարկման հետ կապված այլ հարցերի դեպքում դիմե՛ք գրադարանավարին library@ysu.am հասցեով։
Փնտրման կանոններ
ԵՊՀ գրադարանում առկա բոլոր նյութերը փնտրել, գտնել, ինչպես նաև առցանց պատվեր գրանցել հնարավոր է մեր էլեկտրոնային քարտարանում՝ http://koha.ysu.am/ հասցեով։
Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ՝ հավաքելով ընթերցողական տոմսի համարը և Ձեր գաղտնաբառը կամ մուտք գործել որպես Google օգտատեր՝ մուտքագրելով Ձեզ տրամադրված համալսարանական էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը։
Համակարգում կարելի է փնտրում կատարել պարզ և ընդլայնված որոնում (Advanced search) աշխատակերպերով։
Պարզ աշխատակերպով նյութեր փնտրելու համար անհրաժեշտ է որոնման պատուհանում մուտքագրել փնտրվող նյութի հետ կապված բառեր կամ արտահայտություններ (վերնագիրը կամ հեղինակի անունը, հրատարակման տարեթիվը կամ բոլորը միաժամանակ), ապա սեղմել «Փնտրել» կոճակը։
Հնարավոր է նաև բացվող ընտրացանկից ընտրել նյութի ցուցիչը (օրինակ՝ վերնագիր կամ հեղինակ) և որոնման պատուհանում հավաքել փնտրվող նյութի վերնագրիը (կամ բառեր վերնագրից), ապա սեղմել «Փնտրել» կոճակը։
Բառի մի մասով փնտրում կատարելու համար անհրաժեշտ է օգտագործել աստղանիշը (*)։ Այն հնարավոր է կիրառել բառամիջում և բառավերջում:
Ընդլայնված որոնում աշխատակերպը hնարավորություն է տալիս որոնում կատարելու միաժամանակ մի քանի ցուցիչների և Բուլյան օպերատորների AND, OR , NOT օգնությամբ, օրինակ՝ ըստ վերնագրի և հրատարակման տարեթվի միաժամանակ՝ համապատասխան դաշտերում մուտքագրելով վերնագիրը և հրատարակման տարեթիվը:
Ինչպես նաև հնարավոր է որոնել՝ ըստ փնտրվող նյութի տեսակի (գիրք, ամսագիր, քարտեզ, ատենախոսություն և այլն)։
Որոնման արդյունքում կարտածվեն քարտարանում առկա համապատասխան նյութերը:
Նյութի առցանց պատվեր
Հարգելի՛ ընթերցող, Դուք հնարավորություն ունեք առցանց եղանակով նյութեր պատվիրելու գրադարանի առցանց քարտարանում՝ http://koha.ysu.am/ հասցեով։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ՝ հավաքելով միասնական (ընթերցողական) տոմսի համարը և Ձեր գաղտնաբառը կամ մուտք գործել որպես Google օգտատեր՝ մուտքագրելով Ձեզ տրամադրված համալսարանական էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը։ Այնուհետև կատարել փնտրում, գտնել պահանջված նյութը, ապա սեղմել «Պատվեր» կամ «Place hold» կոճակը։
Մեր գրացուցակում առկա ոչ բոլոր նյութերի համար կա առցանց պատվեր կատարելու հնարավորություն, ուստի այդ նյութերի համար «Պատվեր» կամ «Place hold» կոճակը ակտիվ չէ։
Ինչպե՞ս օգտվել Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնից
Հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնից օգտվելու հնարավորություն ունի ԵՊՀ գրադարանի ընթերցողական տոմս ունեցող յուրաքանչյուր ընթերցող: Գրականությունը սպասարկվում է միայն ընթերցողական տոմսի առկայության դեպքում և գրքերը սպասարկվում են միայն տեղում, դուրս չեն տրվում:
Ընթերցողները հնարավորություն ունեն օգտվելու էլեկտրոնային, ինչպես նաև բաժնում առկա թղթային քարտարաններից:
Հայերեն հնատիպ գրականությունը թվայնացված է․ հնարավոր է օգտվել նաև թվային տարբերակներից:
Բաժնում առկա գրականության մի մասը, հաշվի առնելով գրականության վիճակը, ինչպես նաև յուրահատկությունները, սահմանափակ սպասարկման է (սպասարկվում է միայն մասնագետներին):
Պահախցերից օգտվելու կարգը և կանոնները
Պահախցերը նախատեսված են գրադարանից օգտվողների իրերի ժամանակավոր պահման համար:
Հիշե՛ք՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո բոլոր պահախցերը բացվելու են, և իրերը հանձնվելու են անվտանգությանը:
Զգուշացում՝ պահախցերի գաղտնաբառն այլ անձանց չփոխանցել:
Ինչպե՞ս հանձնել գրքերը
Գրադարանից գրականության արտագրադարանային սպասարկումը (գիրք տուն տանելը) իրականացվում է 2 սրահներից՝ Դասագրքային առձեռն ֆոնդից (201) և Աբոնեմենտի բաժնից (301):
Գրքերն անհրաժեշտ է վերադարձնել այն սրահ, որտեղից վերցրել եք (չհիշելու դեպքում աշխատակիցները Ձեզ կուղղորդեն՝ որտեղ հանձնել):
Զգուշացում՝ եթե սխալմամբ գրադարան եք վերադարձնում Ձեր չվերցրած գիրքը, էլեկտրոնային համակարգը տվյալ գիրքը դուրս է գրում այն ընթերցողի հաշվից, որը վերցրել է այն։
Ի՞նչ անել, եթե գրադարանից վերցրած գիրք եք կորցրել
Հարգելի' ընթերցող,
Կորցրած գրքի համար գումարային փոխհատուցման հնարավորություն չկա:
Գիրքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է փոխհատուցել կորուստը նույն գրքով (նույն հրատարակության, նույն տարեթվի):
Եթե դա հնարավոր չէ, ապա նամակ գրեք library@ysu.am էլհասցեին՝ նշելով կորցրած գրքի անվանումը (եթե հիշում եք, նաև հեղինակի անունը և հրատարակման տարեթիվը):
Ձեր նամակին ի պատասխան՝ կտեղեկացվեք կորցրած գրքի արժեքի մասին:
Կորցրած գիրքը կարող եք փոխհատուցել Գրադարանին անհրաժեշտ գրականության ցանկի մինչև 3 գրքով:
Ձեր կողմից փոխհատուցվող գրքի/գրքերի (1, 2 կամ 3) ընդհանուր արժեքը պետք է նվազ չլինի կորցրած գրքի արժեքից:
Փոխհատուցվող գիրքը/գրքերը պետք է լինեն.
- Իրական հրատարակություն և ոչ թե պատճենահանում:
- Ոչ հնամաշ, չպատռված և մաքուր վիճակում:
- Առանց այլ գրադարանի կնիքի:
2000 թվականից հետո տպագրված գրքերի փոխարեն պետք է բերել միայն 2000 թվականից հետո տպագրված գրքեր:
Փոխհատուցվող գրքերը ձեռք բերելուց հետո.
- Ընթերցողի քարտով մոտեցե՛ք Առձեռն գեղարվեստական գրականության ֆոնդ (Գրադարանի 3-րդ հարկ) և ստացե՛ք կորցրած գրքի տվյալները:
- Կորցրած գրքի/գրքերի տվյալներով և փոխհատուցվող գրքերով մոտեցե՛ք Համալրման և մշակման բաժին (Գրադարանի 3-րդ հարկ)՝ դիմում լրացնելու և գիրքը/գրքերը հանձնելու համար:
- Փոխհատուցումը հավաստող թերթիկը ներկայացրե՛ք Առձեռն գեղարվեստական գրականության ֆոնդ:
Ինչպե՞ս օգտվել ընթերցասրահներից
Գրադարանում ներգրադարանային սպասարկում են իրականացնում չորս մասնագիտական՝ Բանասիրական (501), Հասարակական (403), Ճշգրիտ (503), Բնական գիտությունների (601), ինչպես նաև Մամուլի և ամսագրերի սպասարկման (603) ընթերցասրահները։ Յուրաքանչյուր ընթերցասրահում հնարավորություն ունեք գտնելու համապատասխան գիտություններին առնչվող առանձնացված գրականություն։ Ընթերցասրահներում ինքնասպասարկում է․ օգտվողները գրադարակներից ընտրում են իրենց ցանկացած գրքերը, ապա մոտենում աշխատակցին գրանցման համար: Գրքերը անհրաժեշտ է հանձնել աշխատակցին։
Հարգելի՛ ընթերցող, Դուք հնարավորություն ունեք օգտվելու բոլոր ընթերցասրահներից։
Մամուլի և ամսագրերի ընթերցասրահում հնարավորություն ունեք օգտվելու ատենախոսություններից և սեղմագրերից:
Ընթերցասրահի միջոցով են սպասարկվում այն գրքերը, որոնք միօրինակ են կամ տուն չեն տրվում:
Ինչպե՞ս փնտրել գրքերը Դասագրքային առձեռն ֆոնդում (201 սրահ)
Դասագրքային առձեռն ֆոնդում տեղադրված են ուսումնական գործընթացում ամենահաճախակի օգտագործվող գրքերը՝ դասագրքերը: Դասագրքերը տեղադրված են ըստ մասնագիտությունների և այբբենական կարգի: Մուտք գործելով 201 սենյակ՝ դիմացի սյուների վրա կտեսնեք ըստ մասնագիտությունների գրքերի տեղադրման ուղղությունները: Դարակների վրա փակցված նշումները ցույց են տալիս, թե տվյալ դարակաշարում ինչ մասնագիտության գրքեր են տեղադրված: Դարակներում գրքերը դասավորված են այբբենական կարգով:
Ինչպե՞ս օգտվել համակարգչային սրահից
Համակարգչային սրահից օգտվելու հնարավորություն ունեն բոլոր համալսարանականնեը և հյուրերը։
Սրահում առկա և ձեր անհատական համակարգիչներից անմիջական հասանելիություն կարող եք ստանալ ԵՊՀ գրադարանի էլեկտրոնային պաշարներին, ինչպես նաև տարբեր շտեմարանների, որոնց բաժանորդագրվել է ԵՊՀ-ն, կատարել գիտաուսումնական աշխատանքներ։
Աշխատանքն ավարտելուց հետո օգտվողը պարտավոր է համակարգիչը բերել սկզբնական վիճակի (փակել էջերը, հիշողությունից հեռացնել նոր ավելացված ֆայլերը):