«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» աջակցությամբ ԵՊՀ գրադարանը համալրում է իր ֆոնդը ժամանակակից մասնագիտական, գիտական և ուսումնական գրականությամբ։
Վերջերս հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել են չորս ծրագրեր, որոնց ընդհանուր նպատակն է այդ գրքերը դարձնել քննարկման, քննադատական ընթերցման, գիտելիքի փոխանակման և ոչ ֆորմալ ուսումնառության հիմք։
Ծանոթացե՛ք ստորև ներկայացված չորս ծրագրին, ընտրե՛ք դրանցից մեկը կամ մի քանիսը և լրացնելով հայտերը՝ մասնակցե՛ք հետաքրքիր կրթական միջոցառումների։
Մասնակցությունն անվճար է։
Խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը միայն այն պարագայում, եթե համոզված եք, որ․
մասնակցելու եք բոլոր հանդիպումներին,
նախապես ընթերցելու եք հանձնարարված գրականությունը (նյութերի զգալի մասը օտար լեզվով է),
կատարելու եք վարժանքներն ու առաջադրանքները:
Ծրագիր N1. «AI Reality Check․ ինչպե՞ս հասկանալ, ստուգել և գնահատել ԱԲ-ի պատասխանները»
Էդմոն Աբրահամյան
Նպատակն է․ Զարգացնել ԱԲ-ի պատասխանները քննադատաբար գնահատելու, դրանց հավաստիությունը ստուգելու և տեղեկացված որոշումներ կայացնելու հմտությունները։
Բովանդակությունը․ Մասնակիցները կծանոթանան գեներատիվ ԱԲ-ի աշխատանքի հիմնական սկզբունքներին և սահմանափակումներին, կսովորեն հայտնաբերել հավաստի թվացող, բայց սխալ տեղեկությունը, ստուգել պնդումները վստահելի աղբյուրներով և հասկանալ մարդկային վերահսկողության անհրաժեշտությունը։
Ո՞վ կարող է մասնակցել․ Յուրաքանչյուր ոք (պարտադիր չէ լինել ԵՊՀ ուսանող կամ դասախոս)։ Նախնական գիտելիք կամ ԱԲ-ի հետ աշխատանքի փորձ չի պահանջվում։
Ժամանակացույց․ 3 հանդիպում՝ յուրաքանչյուր ուրբաթ․ նոյեմբերի 6-ին, 13-ին և 20-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ գրադարանում։ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1.5 ժամ։
Ծրագիր N2. «Հոգեկանի կույր կետերը»
Մարի Մելիքյան
Նպատակն է․ Ուսումնասիրել ընկալման, հիշողության, ներքին փորձի և դատողությունների այն գործընթացները, որոնք հաճախ դուրս են մնում մեր ուշադրությունից։
Բովանդակությունը․ Մասնակիցները փոքր փորձերի, քննարկումների և ընթերցումների միջոցով կուսումնասիրեն սեփական մտածողության, վարքի և ընկալման «կույր կետերը» և կսովորեն ավելի ուշադիր տարբերակել փաստը, ենթադրությունն ու մեկնաբանությունը։
Ո՞վ կարող է մասնակցել․ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ու մագիստրատուրայի ուսանողները, դասախոսները։ Առաջնային են հետաքրքրությունը մարդու հոգեկանի ու մտածողության նկատմամբ, ինչպես նաև հանդիպումներին ակտիվ մասնակցելու պատրաստակամությունը։
Ժամանակացույց․ 6 հանդիպում՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ․ նոյեմբերի 4-ին, 6-ին, 11-ին, 13-ին, 18-ին և 20-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ գրադարանում։ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1․5-2 ժամ։
Ծրագիր N3. «Բամբասանքից դեպի «TikTok»․ տեղեկատվության ճանապարհը մինչև լուր դառնալը»
Գրիշա Գասպարյան
Նպատակն է․ Զարգացնել մասնակիցների մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է տեղեկությունը փոխանցվում և փոխակերպվում՝ միջանձնային հաղորդակցությունից մինչև լրագրություն, սոցիալական մեդիա և արհեստական բանականություն։
Բովանդակությունը․ Մասնակիցները կսովորեն տարբերակել բամբասանքը, տեղեկությունը և լրագրողական լուրը, վերլուծել տեղեկատվության տարածման մեխանիզմները, ճանաչել մանիպուլյատիվ հնարքները և քննադատաբար գնահատել թվային բովանդակությունը։
Ո՞վ կարող է մասնակցել․ Յուրաքանչյուր ոք (պարտադիր չէ լինել ԵՊՀ ուսանող կամ դասախոս)։ Նախնական մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում։
Ժամանակացույց․ 4 հանդիպում՝ նոյեմբերի 11-ին, 12-ին, 18-ին և 19-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ գրադարանում։ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1.5 ժամ։
Ծրագիր N4. «AI-ը համալսարանում․ կարդալ, վիճարկել, պատասխանատու գործել»
Արման Ղարագուլյան, Սերոբ Խաչատրյան, Արեգ Թադևոսյան
Նպատակն է․ Զարգացնել մասնակիցների՝ արհեստական բանականության էթիկական գրագիտությունը, քննադատական մտածողությունը և AI գործիքների պատասխանատու կիրառման կարողությունը։
Բովանդակությունը․ Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան տարբերակել AI-ի իրական հնարավորություններն ու սահմանափակումները, բացահայտել AI-ի կիրառման հետ կապված արժեքաբանական խնդիրները, ինչպես նաև քննադատորեն վերլուծել համալսարանական կրթության մեջ AI-ի օգտագործման դեպքերը։ Մասնակիցները համատեղ կմշակեն «AI էթիկական կողմնացույցը»՝ ուսանողների և դասախոսների համար նախատեսված գործնական առաջարկությունների փաթեթը։
Ո՞վ կարող է մասնակցել․ Յուրաքանչյուր ոք (պարտադիր չէ լինել ԵՊՀ ուսանող կամ դասախոս)։ Արհեստական բանականության կամ էթիկայի վերաբերյալ նախնական մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում։
Ժամանակացույց․ 3 հանդիպում՝ յուրաքանչյուր երեքշաբթի․ նոյեմբերի 3-ին, 10-ին և 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գրադարանում։ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունն է 1․5-2 ժամ։