Ընթացիկ ուստարվա հոկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային երրորդ գիտաժողովը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ոսկանյան Աստվածաշնչի) տպագրության 360-ամյակին։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև ԵՊՀ գրադարանի աշխատակիցներ Սիրանուշ Մարգարյանն ու Լուսինե Հակոբյանը։
Սիրանուշ Մարգարյանը ներկայացրեց «Միկրոսնկերի առկայության ուսումնասիրությունը հնատիպ և հազվագյուտ գրականության ֆոնդերում և դրանց ազդեցությունը» զեկուցումը՝ անդրադառնալով գրավոր ժառանգության պահպանության խնդիրներին։
Լուսինե Հակոբյանը հանդես եկավ «Հեղինակային իրավունք, արդար օգտագործում և արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում» զեկուցումով՝ ներկայացնելով թվային դարաշրջանում գրադարաններին առնչվող իրավական և տեխնոլոգիական արդի հարցերը։
ԵՊՀ գրադարանի աշխատակիցների զեկուցումները կարևոր ներդրում էին մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և գրադարանային ոլորտի ժամանակակից խնդիրների քննարկման գործում։






