- Գլխավոր
- Նորություններ
- Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ. ԵՊՀ-ում մեկնարկել է Ալվարդ Ջիվանյանի աշխատարանների երկրորդ շրջանը
Նոյեմբեր 03, 2026 | 16:00
Հասարակություն
Միջոցառումներ
Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ. ԵՊՀ-ում մեկնարկել է Ալվարդ Ջիվանյանի աշխատարանների երկրորդ շրջանը
Ինչպե՞ս է հնագույն ժողովրդական հեքիաթը վերածվում ժամանակակից հրաշապատում արձակի, և որտե՞ղ է թաքնված ֆենթեզիի «ողնաշարը»։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ԵՊՀ-ում համախմբվել էին ուսանողներ, գրողներ, լրագրողներ, երաժշտագետներ ու ընթերցասերներ։ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում մեկնարկել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեքիաթագետ և թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» հեղինակային աշխատարանների երկրորդ շրջանը։
Նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ը (յուրաքանչյուր երեքշաբթի) անցկացվող ծրագիրը ներառում է վեց հանդիպում՝ համախմբելով համալսարանականներին և թեմայով հետաքրքրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներին։ Մասնակիցներն ուսումնասիրելու են բանահյուսության և ֆենթեզիի կապերը՝ համատեղելով բանախոսություններն ու քննարկումները գործնական և ստեղծագործական առաջադրանքների հետ։ Առաջադրանքների մի մասը նրանք կատարելու են ինքնուրույն՝ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում։
Հանդիպման սկզբում Ալվարդ Ջիվանյանը կարևորեց նման աշխատարանների դերը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս անդրադառնալու թեմաների, որոնք առանձին դասընթացներով ներկայացված չեն բուհական ուսումնական ծրագրերում։ Նրա խոսքով՝ գրադարանները, թանգարաններն ու հրատարակչությունները կարող են լրացուցիչ հարթակներ ստեղծել այդ ուղղություններն ուսումնասիրելու համար։
Բանահյուսությունը՝ ֆենթեզիի հիմքում
Առաջին հանդիպման ընթացքում Ալվարդ Ջիվանյանն անդրադարձավ «ֆենթեզի» եզրույթի ընկալմանը, հայերեն համարժեքներին և ժանրային սահմաններին։ Նա նշեց, որ հայերենում գործածվող «հրաշապատում արձակ» և «հրաշավեպ» տարբերակները միշտ չէ, որ ամբողջությամբ արտահայտում են հասկացության իմաստային շրջանակը։
«Եթե մտնենք որևէ գրախանութ և ֆենթեզի գրականություն հարցնենք, մեզ ցույց կտան որոշակի դարակներ, որտեղ դրված են հիմնականում 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի գործեր»,- ընդգծեց նա։
Բանախոսի մեկնաբանությամբ՝ ֆենթեզին միայն որոշակի ժամանակաշրջանի կամ ենթաժանրային կանոնների շրջանակում դիտարկելը սահմանափակում է դրա ընկալումը։ Այն նաև հնարավոր, զուգահեռ և «այլ» աշխարհներ ստեղծելու մտածողություն է։
Ալվարդ Ջիվանյանը ներկայացրեց ֆենթեզիի և բանահյուսության կապերը՝ ընդգծելով, որ ժողովրդական հեքիաթների ու առասպելների մոտիվները շարունակում են ապրել ժամանակակից գրականության մեջ։ Ըստ նրա՝ դրանց իմացությունն օգնում է ընթերցողներին և թարգմանիչներին ճանաչելու ստեղծագործությունների հիմքում ընկած պատկերներն ու իմաստային շերտերը։
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթեր» գրքաշարի օրինակով բանախոսը կարևորեց նաև աշխարհաշինությունը՝ գեղարվեստական աշխարհի հետևողական կառուցումն ու ներքին տրամաբանությունը։
Քննարկումներից՝ ստեղծագործական աշխատանք
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին, քննարկեցին ֆենթեզիի և բանահյուսության ընդհանրություններն ու տարբերությունները, ներկայացրին սեփական դիտարկումները։
Աշխատարանների ընթացքում մասնակիցներն անդրադառնալու են ինչպես հրաշապատում գրականության ժանրային առանձնահատկություններին, այնպես էլ գերբնական կերպարների, այլաշխարհիկ կենցաղի և թարգմանության հարցերին։ Ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները․
Եզրային և ժանրային խնդիրներ. հեքիաթ, առասպել, հրաշավեպ, հրաշապատում, ֆենթեզի
«Լինում է, չի լինում». հնարավոր, զուգահեռ, «այլ» աշխարհներ
Գերբնական անձնակազմ. հրեղեն ոգիներ, «արտակարգ էություններ», կերպարանափոխ արարածներ
Հրաշապատում ժանրերի պոետիկան. սկսվածքներ և վերջաբաններ, այլ բանաձևեր: Բարու հաղթանակը՝ որպես հեքիաթի և հրաշավեպի ժանրային պայման
Այլաշխարհիկ կենցաղ. հագուստ, կերակուր, համեր և բույրեր
Հրաշապատում երկերի հեղինակի և հասցեատիրոջ մասին, թարգմանական խնդիրներ. ինչպե՞ս թարգմանել գերբնականը
Տեսական քննարկումներին զուգահեռ՝ ստեղծագործական առաջադրանքները մասնակիցներին հնարավորություն են տալու ուսումնասիրված մոտեցումները կիրառելու սեփական աշխատանքներում։