- Գլխավոր
- Նորություններ
- Միջնադարյան արվեստը նոր հայացքով․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մարգարիտա Հովսեփյանի մանրանկարների ցուցադրությունը
Սեպտեմբեր 19, 2025 | 12:10
Թանգարան
Հասարակություն
Միջնադարյան արվեստը նոր հայացքով․ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Մարգարիտա Հովսեփյանի մանրանկարների ցուցադրությունը
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մարգարիտա Հովսեփյան. միջնադարյան արվեստը նորովի» խորագրով ցուցադրություն, որը համախմբեց արվեստագետների, ուսանողների, դասախոսների և արվեստի սիրահարների։ Ցուցադրված կտավների հեղինակ Մարգարիտա Հովսեփյանի ստեղծագործական ճանապարհը կապված է հենց ԵՊՀ-ի հետ․ ավելի քան երեք տասնամյակ նա անցկացրել է համալսարանում՝ իր ներդրումն ունենալով կրթական և մշակութային միջավայրի ձևավորման գործում։

Մարգարիտա Հովսեփյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը ԵՊՀ-ում կազմակերպելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հենց ԵՊՀ-ն է եղել այն միջավայրը, որտեղ հնատիպ գրքերը դարձել են հեղինակի ներշնչման աղբյուրը, և որտեղից սկսվել է նրա ստեղծագործական ուղին։

ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանն ուրախությամբ ընդգծեց, որ ներկայում ունենք մանրանկարիչներ, որոնք արժանապատվորեն շարունակում են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և մեծանուն այլ վարպետների ստեղծագործական ուղին։
«Վստահ եմ՝ տարիներ անց հիշվելու են նաև մերօրյա արվեստագետների անունները՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող արժեքների կրողներ։ Այսօր Մարգարիտա Հովսեփյանի արվեստն իր հերթին պատմություն է կերտում»,- մատնանշեց նա։
Մանրանկարչի՝ Մարգարիտա Հովսեփյանի խոսքով՝ 2020 թ․ պատերազմի օրերին, երբ ցավը, մտահոգությունը և տագնապը դարձել էին առօրյայի անբաժան մաս, արվեստը նրա համար դարձավ ապրումներն արտահայտելու գլխավոր միջոց․ նա սկսեց կրկնօրինակել և նկարել մանրանկարներ՝ գույների ու պատկերների միջոցով արտահայտելով իր ապրումները:

Սրբապատկերներ, խորաններ, թռչնատառեր, անվանաթերթեր, լուսանցքազարդեր և պատկերներ միջնադարյան մանրանկարչությունից․ այս ամենը հեղինակը ստեղծել է՝ օգտագործելով թուղթ, ջրաներկ, ակրիլ և տեմպերա։
«Ես չէի կարող այս ամենն անել, եթե իմ կյանքում չլինեին երկու բացառիկ անձինք․ Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչության ստուդիայի ուսուցիչ Լիլիթ Վարդումյանն ինձ սովորեցրեց մանրանկարչության տեխնիկան, գաղտնիքները, ինչպես նաև խրախուսեց ստեղծել հեղինակային աշխատանքներ։ Իսկ Հայկական մանրանկարչության ստուդիայի հիմնադիր Աննա Մարգարյանն ինձ ներկայացրեց տարբեր հմտություններ և տարբեր նյութերի վրա նկարելու տեխնիկան»,- նշեց մանրանկարիչը։
Մարգարիտա Հովսեփյանը սիրում է իր կտավները նվիրել ընկերներին ու հարազատներին։ Նա պատմեց, որ նկարելիս արդեն պատկերացնում է, թե տվյալ գործը ում պետք է նվիրի և փորձում է այդկերպ իր դրական էներգիան փոխանցել մարդկանց։
«Կրկնօրինակներ անելու ընթացքում միշտ ձգտել եմ հավատարիմ մնալ ծաղկողների աշխատանքներին, ամեն բան պատկերել այնպես, ինչպես կա։ Այստեղ ցուցադրված են նաև գծանկարներ, որոնց գույների ընտրությունը ինքս եմ կատարել։ Սկզբում կրկնօրինակներ էի ստեղծում, հետո անցա նաև հեղինակային աշխատանքների։ Կարծում էի, թե չի ստացվի, սակայն ստացվեց»,- ասաց նա։
Այսօր էլ շարունակելով իր գործունեությունը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ հեղինակը մնում է հավատարիմ նույն սկզբունքներին, որոնց հիման վրա կերտվել է իր ստեղծագործական էությունը։