- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի հետ
Հունվար 29, 2026 | 13:14
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի հետ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ջավահարլալ Նեհրուի համալսարանի (Հնդկաստան) ռեկտոր Սանտիշրի Դուլիպուդի Պանդիտը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու կրթական և գիտական կապերը, խթանելու համատեղ ծրագրերի իրականացումը և ընդլայնելու ակադեմիական շարժունությունը։
ԵՊՀ-ի համար հուշագիրը ստեղծում է նոր հնարավորություններ միջազգային համագործակցության շրջանակում։ Մասնավորապես՝ այն հիմք է դառնում Հնդկաստանի առաջատար համալսարաններից մեկի հետ կայուն գործընկերության ձևավորման համար՝ ընդլայնելով ԵՊՀ միջազգային համագործակցության աշխարհագրությունը և բարձրացնելով համալսարանի ճանաչելիությունը միջազգային ակադեմիական հարթակներում։
Համագործակցությունը հնարավորություն կընձեռի մեկնարկելու համատեղ գիտահետազոտական նախագծեր՝ կողմերի փոխադարձ հետաքրքրությունների և օրակարգի համաձայն։ Կարևոր ուղղություն է նաև ակադեմիական շարժունության զարգացումը դասախոսների, հետազոտողների և ուսանողների փոխանակման միջոցով, ինչը կնպաստի գիտական ու կրթական փորձի փոխանակմանը և նոր մեթոդների ներդրմանը։
Հուշագրով նախատեսվում է նաև համատեղ նախաձեռնությունների իրականացում համաժողովների, բաց դասախոսությունների, ամառային դպրոցների և սեմինարների ձևաչափով՝ ԵՊՀ-ում ստեղծելով ակադեմիական նոր միջավայր ու լրացուցիչ հնարավորություններ երիտասարդ գիտնականների և ուսանողների համար։ Միաժամանակ, համագործակցությունը կաջակցի կադրային ներուժի զարգացմանը՝ կրթական ծրագրերի արդիականացման, կառավարման և որակի ապահովման ոլորտներում փորձի փոխանակման միջոցով։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ստորագրված հուշագիրը համալսարանի միջազգայնացման քաղաքականության համատեքստում՝ նշելով․ «ԵՊՀ-ի համար առաջնահերթ է միջազգային գործընկերային ցանցի ընդլայնումը և այնպիսի համագործակցությունների ձևավորումը, որոնք իրական արժեք են ստեղծում մեր ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։ Ջավահառլալ Ներուի համալսարանի հետ ստորագրված հուշագիրը նոր հեռանկարներ է բացում համատեղ գիտական նախաձեռնությունների, ակադեմիական շարժունության և փորձի փոխանակման ուղղությամբ՝ նպաստելով ԵՊՀ միջազգային մրցունակության բարձրացմանը»։
Ստորագրված փաստաթուղթը կարևոր հիմք է ստեղծում երկարաժամկետ համագործակցության համար և նպատակ ունի խթանելու համատեղ ծրագրերի մշակումն ու կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը՝ ծառայեցնելով դրանք ԵՊՀ կրթական և գիտական օրակարգի շարունակական զարգացմանը։