- Գլխավոր
- Նորություններ
- Ուսանողական ճանապարհ՝ լսարանից մինչև միջազգային հարթակներ
Մայիս 07, 2026 | 14:41
Կրթություն
Ուսանողական
Ուսանողական ճանապարհ՝ լսարանից մինչև միջազգային հարթակներ
Տնտեսագիտությունը հաճախ ընկալվում է որպես թվերի, հաշվարկների և մոդելների ոլորտ, սակայն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Գայանե Դավթյանի համար այն նաև որոշումների, պատասխանատվության և իրական ազդեցության մասին է։ Նրա ուսանողական ուղին ձևավորվել է աստիճանաբար՝ ընտանիքի ազդեցության, անձնական հետաքրքրությունների և գործնական փորձի համադրությամբ։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գայանեն նշում է, որ տնտեսագետ դառնալու որոշումը չի եղել հանկարծակի, սակայն ամբողջությամբ կանխորոշված էլ չի եղել։ Նրա մասնագիտական կողմնորոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել այն, որ հայրն էլ տնտեսագետ է։
«Այս ոլորտում ինձ ամենաշատը գրավում է այն, որ թվերը պարզապես թվեր չեն․ դրանց ետևում իրական որոշումներ և հետևանքներ են»,- ասում է նա։
Համալսարան ընդունվելիս առաջին տպավորությունները եղել են երկակի․ մի կողմից՝ ոգևորություն, մյուս կողմից՝ անորոշություն։ Նոր միջավայրն ու նոր մարդիկ սկզբում բարդություն են ստեղծել, սակայն ժամանակի ընթացքում համալսարանը դարձել է հարազատ տարածք։ Այս տարիների ընթացքում ԵՊՀ ուսանողը ոչ միայն ստացել է մասնագիտական խոր գիտելիքներ, այլև հասցրել է համատեղել ուսումը աշխատանքի հետ, մասնակցել տարբեր ծրագրերի և ձեռք բերել իրական գործնական փորձ։ Նրա խոսքով՝ հենց այս բազմաշերտ փորձն է, որ հնարավորություն է տվել տնտեսագիտությունը տեսնելու իրական կյանքում կիրառվող գործիքի տեսքով։
Ուսանողական կյանք՝ ակտիվության և ժամանակի պայքար
Այսօր Գայանեի առօրյան հիմնականում բաժանված է աշխատանքի և ավարտական աշխատանքի միջև։ Այդ պատճառով այս պահին ուսանողական կյանքում ամենակարևորը դարձել է ժամանակի կառավարումը։
«Ամենաբարդը ժամանակը ճիշտ կազմակերպելն է, հատկապես երբ համատեղում ես ուսումը և աշխատանքը»,- նշում է նա։
Միևնույն ժամանակ, ուսանողական կյանքը նրա համար ասոցացվում է ակտիվության հետ՝ նոր մարդկանց հետ ծանոթություն, ծրագրերի մասնակցություն և փորձի ձեռքբերում։
Սովորելու սեփական մոտեցումը
Գայանեն ունի սովորելու իր մեթոդը․ նա փորձում է ոչ թե պարզապես անգիր սովորել, այլ հասկանալ թեմայի էությունը։
«Շատ եմ օգտագործում օրինակներ, երբեմն էլ ինքս ինձ բացատրում եմ նյութը»,- ասում է նա։
Այս մոտեցումը հատկապես օգնում է բարդ, սակայն կիրառական առարկաներում, ինչպիսին է «Էկոնոմետրիկա»-ն, որը նրա համար ամենահետաքրքիրներից է։ Առարկան ոչ միայն տեսական է, այլև կիրառական․ այն հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները կիրառելու իրական տվյալների վրա և կատարելու վերլուծություններ։
Դասերից մինչև իրական աշխատանք
«Համալսարանական կրթությունը մեծապես օգնում է, քանի որ ձևավորում է տեսական հիմք, որը հետագայում կիրառվում և զարգացվում է աշխատանքային պրակտիկայի ընթացքում»,- կարևորում է ԵՊՀ ուսանողը, որը ուսանողական տարիներին սկսել է նաև աշխատել որպես հաշվապահ։ Նրա խոսքով՝ այս փորձը ևս զգալի ազդեցություն է ունեցել մասնագիտական աճի վրա։
«Աշխատանքը տվել է պատասխանատվություն, կազմակերպվածություն և իրական պրակտիկ գիտելիք»,- շեշտում է նա։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ համալսարանական կրթությունը տալիս է կարևոր տեսական հիմք, սակայն իրական հմտությունները ձևավորվում են աշխատանքի ընթացքում։
«Junior PayTech Forum» ծրագիրը՝ փորձ և մարտահրավեր
Գայանեի ուսանողական փորձի կարևոր փուլերից է նաև «Junior PayTech Forum»-ին մասնակցությունը․ սա ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի կրթական-մրցութային ծրագիր է, որի շրջանակում ուսանողները մշակում և ներկայացնում են բիզնես գաղափարներ՝ լուծելով իրական խնդիրներ և աշխատելով մասնագիտական մենթորների հետ։ Ծրագրի մասին նա տեղեկացել է ֆակուլտետից և որոշել է մասնակցել՝ հետաքրքրությունից դրդված։
ԵՊՀ ուսանողը ներկայացրել է «ԱգրոԻնվեստ» ֆինտեխ նախագիծը, որի հիմքում գյուղատնտեսական ապագա բերքի տոկենացման գաղափարն է։ Նախագծի նպատակն է ֆերմերներին հնարավորություն տալ ներգրավելու անհրաժեշտ ֆինանսավորում թվային տոկենների միջոցով, որոնք ապահովված են ապագա բերքով, իսկ ներդրողներին՝ ստանալու թափանցիկ և ապահովագրված ակտիվներ։
«Գաղափարը ձևավորվեց մի քանի տարբերակների քննարկման արդյունքում։ Ընտրեցինք հենց սա, քանի որ այն լուծում է գյուղատնտեսության ոլորտի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ ֆերմերների համար հասանելի ֆինանսավորման պակասը։ Միաժամանակ, նախագիծը հիմնված է ժամանակակից բլոկչեյն տեխնոլոգիաների վրա, ինչը նպաստում է ներդրումների անվտանգությանը և թափանցիկությանը»,- նշում է նա։
Գայանեի խոսքով՝ ծրագրի ընթացքում ամենամեծ մարտահրավերը ժամանակի ճիշտ բաշխումն էր։
«Բավական բարդ էր համատեղել աշխատանքը, ուսումը և ծրագրին մասնակցությունը, բայց այդ փորձությունը հաստատ արժեր անցնել։ Երբ անցանք կիսաեզրափակիչ փուլ, դա մեզ համար դարձավ մեծ մոտիվացիա։ Այնպիսի զգացողություն էր, որ իրական ճանապարհը հենց նոր է սկսվում։ Դրանից հետո արդեն ավելի նպատակային և ակտիվ սկսեցինք պատրաստվել՝ փորձելով հնարավորինս լավ ներկայացնել մեր նախագիծը Մոսկվայում»,- հիշում է նա։
Մոսկվայում Գայանեն հնարավորություն է ունեցել բիզնես գաղափարը ներկայացնելու մասնագիտական ժյուրիին, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով հիմնավորելու նախագծի կենսունակությունն ու կարևորությունը։ Նրա համար կիսաեզրափակիչ փուլ հասնելն ու միջազգային հարթակում հանդես գալը դարձել են ոչ միայն կարևոր ձեռքբերումներ, այլև նոր նպատակների ու մասնագիտական զարգացման խթան։
Այս փորձը, ինչպես նշում է Գայանեն, դարձավ ոչ միայն հերթական մրցույթ, այլև իրական հնարավորություն՝ զարգացնելու թիմային աշխատանքի, բիզնես մտածողության և հանրային ներկայացման հմտությունները։
Մոտիվացիա, նպատակներ և ապագա
«Ինձ ոգեշնչում են այն մարդիկ, որոնք հասել են հաջողության իրենց աշխատանքի շնորհիվ»,- մատնանշում է Գայանեն, որի համար ամենօրյա շարժիչ ուժը ինքնազարգացման ցանկությունն է։ Ապագայի և նպատակների մասին խոսելիս նա ավելի զգուշավոր է. «Դժվարանում եմ հստակ ասել, քանի որ նպատակները կարող են ժամանակի ընթացքում փոխվել»,- ասում է նա։
Այնուամենայնիվ, նրա հիմնական ուղղությունը պարզ է՝ շարունակել զարգանալ և խորացնել մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մասնակցել միջազգային ծրագրերի։
Ուսանող լինելը՝ ընտրություն և պատասխանատվություն
Ուսանողական տարիները չեն սահմանափակվում միայն դասերով ու քննություններով․ Գայանեի համար դրանք միաժամանակ փորձի, աշխատանքի, ինքնաճանաչման և կարևոր որոշումների շրջան են, որտեղ ձևավորվում է ոչ միայն մասնագիտությունը, այլև մոտեցումը կյանքին։
Նրա համոզմամբ՝ ոլորտում հաջողության ճանապարհին առանցքային են վերլուծական մտածողությունը, պատասխանատվությունը և ժամանակի ճիշտ կառավարումը՝ հմտություններ, որոնք զարգանում են ոչ միայն լսարանում, այլև իրական փորձի և ամենօրյա աշխատանքի ընթացքում։