- Գլխավոր
- Նորություններ
- «Գրականությունն ինձ համար սոսկ տեքստ չէ, այլ ժողովրդի հոգեբանության, պատմության և փիլիսոփայության հայելի». ԵՊՀ ուսանող
Օգոստոս 31, 2026 | 10:45
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Գրականությունն ինձ համար սոսկ տեքստ չէ, այլ ժողովրդի հոգեբանության, պատմության և փիլիսոփայության հայելի». ԵՊՀ ուսանող
Նորա Մելքումյանը սովորում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում։ Ընտրելով հենց ԵՊՀ-ն՝ նա նպատակ ուներ մասնագիտանալու ռուս գրականության ոլորտում՝ հաշվի առնելով, որ ֆակուլտետում գրականությունն ու թարգմանությունը դասավանդվում են որպես առանձին, խորացված ուղղություններ:
Եվրոպական հորիզոններ. արտերկրի համալսարանի փորձը
Նորան վերջերս հնարավորություն է ունեցել «Էրազմուս+» ծրագրով մեկ կիսամյակ ուսանելու Պալացկու համալսարանում (Օլոմոուց, Չեխիա)։ Այնտեղ նա ուսումնասիրել է մի շարք առարկաներ, այդ թվում՝ «20-րդ դարի ռուս գրականություն», «Մշակութաբանություն», «Ռուսաց լեզվի քերականություն», «Ռուս բանասիրություն», ինչպես նաև սկսել է չեխերեն սովորել։
«Այս առարկաների շնորհիվ ես լեզվին և գրականությանը նայեցի բոլորովին նոր՝ արտասահմանյան մեթոդաբանության դիտանկյունից: Ստացա խորացված գիտելիքներ ռուսական մշակույթի, կենցաղի և պատմական համատեքստի մասին, ինչն օգնեց ինձ ավելի լավ հասկանալու գրական գործերի ենթատեքստը»,- նշում է նա։
Նորայի համար հատկապես տպավորիչ է եղել եվրոպական կրթական համակարգի ուսանողակենտրոն մոտեցումը։
«Պալացկու համալսարանում շատ էր կարևորվում ինքնուրույն հետազոտական աշխատանքը: Այնտեղ ուսանողին տրվում է ակադեմիական մեծ ազատություն: Թե՛ ԵՊՀ-ում, թե՛ Պալացկու համալսարանում դասախոսների մոտեցումն աչքի է ընկնում ընդգծված գործընկերային վերաբերմունքով: Դասախոսը ոչ միայն պարզապես գիտելիք փոխանցող է, այլև յուրատեսակ խորհրդատու, որն ուղղորդում է ուսանողին»,- ընդգծում է նա:
Գրականությունը՝ որպես հայելի
Նորայի համար գրականությունը սոսկ տեքստ չէ, այլ «ժողովրդի հոգեբանության, պատմության և փիլիսոփայության հայելին»:
«Իմ գիտական հետաքրքրությունների առանցքում է հենց ռուս գրականությունը, մասնավորապես՝ ռուս հայրենական գրականությունը: Այս թեմայով հետաքրքրվածությունս պայմանավորված է նրանով, որ գրականությունն ինձ համար սոսկ տեքստ չէ, այլ ժողովրդի հոգեբանության, պատմության և փիլիսոփայության հայելին: Չեխիայում ստացածս գիտելիքներն ու սովորած նոր մեթոդները է՛լ ավելի մոտիվացրին ինձ՝ խորությամբ հետազոտելու ռուսական գրականության ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա,- ասում է նա ու ընդգծում իր սիրելի գրողների անունները,- Չեխովի ստեղծագործություններում կնոջ կերպարի վեհ նկարագրությամբ եմ հիանում, ինչպես նաև Պուշկինի բալլադներով»:
Նորայի խոսքով՝ արտերկրում ուսումը շարունակելու հարցում առաջնային դեր է խաղացել իր բարձր առաջադիմությունը (ՄՈԳ-ը), սակայն դրանից զատ՝ հաշվի է առնվել նաև լեզվի իմացությունն ու իր մեծ ձգտումը՝ ինտեգրվելու միջազգային կրթական միջավայրին՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով վերադառնալու հայրենիք և փորձելու ներդրում ունենալ հայրենի համալսարանում:
Ակնկալիքներն ապագայից
Նորայի նպատակն է խթանել Հայաստանում օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրումը:
«Ապագայում ցանկանում եմ աշխատել կրթության, թարգմանչական գործի կամ միջազգային հարաբերությունների ոլորտներում, որտեղ ռուսաց լեզվի և գրականության խոր, հիմնարար գիտելիքները, զուգորդված լինելով եվրոպական առաջադեմ փորձի հետ, հնարավորություն կտան ինձ գործելու որպես մրցունակ մասնագետ»,- հավելում է ԵՊՀ ուսանողը: