- Գլխավոր
- Նորություններ
- «Ուսանողներին ներգրավում ենք գիտական գործունեության մեջ՝ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար». Գևորգ Գրիգորյան
Օգոստոս 20, 2026 | 12:30
Գիտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մրցույթներ
«Ուսանողներին ներգրավում ենք գիտական գործունեության մեջ՝ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար». Գևորգ Գրիգորյան
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դասախոսները հաջողությամբ համադրում են կրթական ժամանակակից մեթոդները և ուսանողներին հենց առաջին կուրսից ներգրավում հետազոտական աշխատանքներում՝ զուգահեռաբար ծավալելով գիտական ակտիվ գործունեություն: Ամբիոնի վարիչ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ չնայած ամբիոնում ունեն 7 աշխատակից, սակայն վերջին մեկ տարում «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրերում տպագրել են 10 հոդված, որոնցից 6-ն ունեն բարձր՝ Q1 և Q2 վարկանիշներ:
Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական մասնագիտությունների անվանակարգի մրցանակակիր Գևորգ Գրիգորյանի հետ զրուցել ենք գիտության ոլորտում ուսանողների ներգրավման, դասավանդման ժամանակակից մեթոդների, գիտական գործունեության և ամբիոնի ձեռքբերումների մասին։
- Պարո՛ն Գրիգորյան, Դուք արժանացել եք ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակի։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այս մրցանակը:
- Այս մրցանակը դասախոսի աշխատանքի լավագույն գնահատականն է։ Այն ոչ միայն իմ աշխատանքի, այլև վերջին տարիներին Քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած դրական փոփոխությունների և ձևավորված առողջ ակադեմիական միջավայրի արժևորումն է։
Դասավանդումը ինձ համար երբեք միայն գիտելիքի փոխանցում չի եղել: Դա պատասխանատվություն է՝ օգնել երիտասարդներին հավատալ սեփական ուժերին, մտածել, հարցեր տալ և գտնել դրանց պատասխանները:
Մեր նպատակն է ապագա դիմորդների շրջանում հետաքրքրություն առաջացնել քիմիայի նկատմամբ, ինչն արվում է նաև դպրոցականների հետ աշխատանքի միջոցով։ Դպրոցականներն այցելում են ֆակուլտետ, ծանոթանում մեր գիտափորձերին, սարքավորումներին: Նշեմ, որ վերջին տարիներին մեր ֆակուլտետի դասախոսների աշխատանքի շնորհիվ դիմորդների թիվը զգալի աճել է:
Շատ կարևոր է նաև, որ Քիմիայի ֆակուլտետ ընդունվելուց հետո ուսանողի մոտ հետաքրքրությունը զարգանա։ Այդ նպատակով առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին ներգրավում ենք գիտական գործունեության մեջ։ Օրինակ՝ մենք ունենք երկու ուսանող, որոնց առաջին կուրսից ներգրավել ենք գիտական գործունեության մեջ, և, կարող եմ ասել, որ նրանք արդեն չափման սարքերի լավագույն մասնագետների թվում են:
- Ընդգծեցիք ուսանողների շրջանում հետաքրքրությունը մեծացնելու կարևորությունը. օրինակ՝ ֆիզիկական և կոլոիդների քիմիան բավականին բարդ է ընկալվում։ Ինչպե՞ս եք նրանց հետաքրքրությունը մեծացնում այդ առարկայի շրջանակում՝ միայն հետազոտություններում ներգրավելո՞վ, թե՞ նաև նոր մոտեցումներ եք կիրառում՝ թվային գործիքներ կամ լաբորատոր նոր մեթոդներ:
- Զուտ դասական դասավանդումն արդեն դուրս է գալիս կիրառությունից։ Ավելի շատ կիրառվում է «շրջված լսարանի» տարբերակը, երբ ուսանողը ներգրավվում է դասավանդման գործընթացում. նյութերը նախօրոք տրվում են, դասն անցնում է հարցուպատասխանով, կատարվում է նախորդ դասի կրկնություն։ Որոշ թեմաներ հենց ուսանողներն են պատրաստում ու ներկայացնում։ Ունենք ուսանողներ, որոնք առաջին կուրսից աշխատում են ոչ միայն մեզ մոտ, այլև գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում (օրինակ՝ ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի, ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտներում), որտեղ ևս կան սարքային բազաներ։ Երբ ուսանողն ինքն է տիրապետում տվյալ մեթոդին ու ներկայացնում ընկերներին, նրանք ավելի հաճույքով են լսում։
Գիտական գործունեության շրջանակում ուսանողները ներգրավված են լաբորատոր աշխատանքներում և դրամաշնորհային ծրագրերում, ինչը հնարավորություն է տալիս նրանց տեսնելու իրենց աշխատանքի արդյունքը նաև բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների տեսքով: Հարկ է նշել, որ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ամբիոնում գործող թեմատիկ դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են Քիմիայի ֆակուլտետի երեք ուսանողներ։
- Համալսարանը կարևորում է շրջանավարտների հետ շարունակական կապը: Ձեր ամբիոնում փորձե՞լ եք ոլորտում հաջողության հասած շրջանավարտներին ներգրավել կրթական ծրագրերի բարելավման կամ փոփոխման գործընթացում:
- Իհա՛րկե, մեր շրջանավարտների հետ համագործակցությունն առկա է և՛ դասավանդման, և՛ գիտական ոլորտներում։ Օգտագործում ենք նաև այն սարքային բազան, որը չունենք համալսարանում։ Օրինակ՝ անցյալ տարի ֆլուորեսցենտային սպեկտրոմետրի հետ կապված ուսումնական գործընթացն իրականացրել ենք ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում։ Մեր շրջանավարտները, որոնք աշխատում են գիտական ինստիտուտներում, դասավանդում են նաև ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակում։ Մենք մի քանի տարի առաջ փոխեցինք «Քիմիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ ներառելով նեղ մասնագիտական մի շարք առարկաներ, որոնց մասնագետները մեր հանրապետությունում բավականին քիչ են: Ներկայում «Քիմիա» մագիստրոսական ծրագիրն ենք համապատասխանեցնում բակալավրի կրթական ծրագրին։ Այդ շրջանակում բանակցում ենք ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագետների հետ, որպեսզի նրանց ներգրավենք մագիստրատուրայի ուսումնական գործընթացում։
- Ձեր ամբիոնը բավականին ակտիվ է հատկապես գիտական հոդվածներ հրապարակելու տեսանկյունից։ Այդ ակտիվությունը ինչի՞ արդյունք է՝ նոր սարքավորումների ձեռքբերմա՞ն, թե՞ նաև դասախոսների վերապատրաստման։ Խնդրում եմ նշեք, թե վերջին մեկ տարում ամբիոնի աշխատակիցները քանի՞ հոդված են հրապարակել «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված հանդեսներում, և դրանցից քանի՞սն ունեն Q1 և Q2 վարկանիշ:
- Մեր ամբիոնը միշտ աչքի է ընկել գիտական գործունեությամբ։ Ամբիոնի աշխատակիցները մեծ փորձառություն ունեն քիմիական և կենսաբանական նշանակություն ունեցող համակարգերի ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրման ոլորտում։ Հեղինակավոր ամսագրերում տպագրված մեր գիտական հոդվածների տվյալները, որոնք վերաբերում են ծծումբ պարունակող օրգանական միացությունների՝ սուլֆօքսիդների և սուլֆոնների համակարգված և բազմակողմանի ֆիզիկաքիմիական ուսումնասիրություններին, օգտագործվում են որպես աղյուսակային տվյալներ միջազգային հանրագիտարաններում և տեղեկատուներում: Վերջին տարիներին ձեռք բերված նորագույն սարքավորումները մեծ նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն են տալիս հետազոտություններն ավելի համապարփակ կատարելու:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են կենսաակտիվ նյութերի լուծույթների ֆիզիկաքիմիական հատկությունների, միջմոլեկուլային փոխազդեցությունների և կոմպլեքսագոյացման ուսումնասիրությունները ինչպես սպեկտրոսկոպիայի և անալիզի ֆիզիկական մեթոդներով, այնպես էլ տեսական հաշվարկներով: Գիտական հետազոտությունների շրջանակը կապված է նաև նանոմասնիկների ուսումնասիրությունների հետ այնպիսի համակարգերում, ինչպիսիք են մակերևութային ակտիվ նյութերի միցելային համակարգերը և կենսակտիվ նյութերի կոլոիդային լուծույթները:
2025 թվականի հունիսից մինչ այժմ ամբիոնի հետազոտողները տպագրել են 10 գիտական հոդված, որոնցից 3-ը՝ Q1, ևս 3-ը՝ Q2 վարկանիշային ամսագրերում։ Հաշվի առնելով, որ ամբիոնում ընդամենը 7 աշխատող կա, սա բավականին բարձր ցուցանիշ է: 4 հոդված էլ գտնվում է գրախոսման փուլում:
- Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում Ձեր ղեկավարման տարիներին քանի՞ սարքավորում եք ձեռք բերել ամբիոնի լաբորատորիաների համար:
- ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհներով իմ անմիջական մասնակցությամբ ձեռք ենք բերել 4 նոր սարքեր՝ «Analytic Jena Specord 210 Plus» երկճառագայթանի ՈՒՄ-տեսանելի սպեկտրոֆոտոմետրը, «Anton Paar LOVIS 2000M» միկրոմածուցիկաչափը, «KRÜSS TENSÍÍO» բազմաֆունկցիոնալ թենզիոմետրը և «KNAUER K-7400S» միկրոօսմոմետրը։ Իսկ համալսարանի միջոցներով անցյալ տարի ձեռք ենք բերել ավտոմատ հալման ջերմաստիճանի որոշման սարք և «Mettler Toledo S470-Kit» բազմաֆունկցիոնալ էլեկտրահաղորդականության և pH-մետր, որը, ի դեպ, նման սարքերի մեջ լավագույններից է։
Շահել ենք ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ևս երկու դրամաշնորհ. մեկը պիկովայրկյանային ֆոտոնային դետեկտորով սպեկտրոֆլյուորոմետրն է, որը լինելու է եզակի և ինքնատիպ հետազոտական սարք հանրապետությունում։ Այն նախատեսված է ոչ միայն ֆլուրեսցենտային սպեկտրների գրանցման համար, այլև ֆլուորոֆորների կայուն վիճակի և պիկովայրկյանային տիրույթում ֆլուորեսցենցիայի կյանքի տևողության չափումների համար: Այդ սարքը հնարավորություն ունի նաև ավտոմատ որոշելու լյումինոֆորների բացարձակ քվանտային ելքը: Սա չափազանց կարևոր է պինդ և փոշենման նյութերի լյումինեսցենտային հատկությունների ուսումնասիրման ժամանակ:
Մյուս դրամաշնորհով ձեռք է բերվելու անխափան սնուցման համակարգ (դիզելային գեներատոր) Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի մասնաշենքի համար։ Այս համակարգը ձեռք բերելու գաղափարը ծագեց այն բանից հետո, երբ հոսանքի տատանման պատճառով նոր սարք էր փչացել: Ձեռք բերվող սարքավորումը տեղադրվելու է դրսում, միանալու է ենթակայանին, որպեսզի հոսանքի անջատման դեպքում մասնաշենքը (ներառյալ Քիմիայի ֆակուլտետը, Ֆարմացիայի ինստիտուտը և որոշ չափով Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետը) ավտոմատ ապահովված լինի էլեկտրական հոսանքով: Բացի նշվածից՝ Քիմիայի ֆակուլտետի սպեկտրոսկոպիական և գերճշգրիտ լաբորատոր բոլոր գործիքներին կցվելու են հզոր անխափան սնուցման սարքեր՝ UPS-ներ, որպեսզի ապահովեն դրանց անխափան աշխատանքը մինչև ռեզերվային դիզելային գեներատորի գործարկումը ընկած ժամանակահատվածում։