ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի գործակցությամբ ԵՊՀ-ում անցկացվեց հոգելեզվաբանության և հեքիաթաթերապիայի խնդիրներին նվիրված գիտագործնական միջոցառում:
«Հեքիաթը՝ որպես գործիք․ վերադարձ «երջանիկ» թխվածքաբլիթին» խորագրով վարպետաց դասին մասնակցեցին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ինչպես նաև հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողները։
Գիտագործնական աշխատանք-դասը վարեց ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի վարիչ, կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող և ԵՊՀ դասախոս, բ․գ․թ․ Սիրանուշ Հովհաննիսյանը: Աշխատանքի շրջանակում ուսանողները մասնագիտական խորհրդատվություն ստացան նաև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, հ․գ․թ․, հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Դիանա Սարգսյանից։
Միջոցառման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել «վերադարձ» հասկացության և գաղափարի զգացական հենքը և լեզվական ուղղորդիչները, դրան ծնունդ տվող կամ դրանից ծնվող հոգեմտավոր իրողությունների հոգելեզվաբանական կողմերը։ Հենակետ էր ծառայում հեքիաթը՝ որպես անձնային աճի, ինքնակարգավորման, ինքնամաքրման գործիք:
Վարպետաց դասի երկրորդ մասում կիրառվեց նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում մշակված վարժանքների և մեթոդների փաթեթը: Փաթեթն իրացնելով՝ ուսանողները մասնակցեցին հանրապետությունում առաջին անգամ ձեռնարկված հոգելեզվաբանական ակադեմիական գիտափորձին:
Գիտագործնական աշխատանքը կազմված էր բարդ մոդելի սկզբունքով՝ ներառելով ակադեմիական դասախոսության հատված, տեսողական էկրանային պատկերներ, հատուկ խորհրդանշական միավորներից բաղկացած տարածաչափական տեսարանացում (նժարային կշեռք, երաժշտական զարդատուփ, ժպիտ-թխվածքաբլիթ պարունակող փաթեթ, վիճակախաղի տոմսակ), լսարան ներառող գործնական աշխատանք:
Գիտագործնական աշխատանքի բարձր արդյունավետությունը հավաստեց մասնակիցների տրամադրության և հոգեվիճակի կտրուկ դրական փոփոխությունը «Երջանկության վիճակախաղ»-ի ջնջելու ընթացքում, երբ պարզվեց, որ շահումը հոլովված «դու» դերանունն է: Բուռն էր գաղտնի փաթեթներից ստացված արձագանքը, որոնցում «վերադարձի» գլխավոր խորհրդանիշն էր «ժպտացող» թխվածքաբլիթը:
Ս. Հովհաննիսյանն աշխատանքն ամփոփեց բառի և թխվածքաբլիթի այլաբանական համեմատությամբ՝ ընդգծելով, թե ինչպես է բառի «հետհամը» դառնում հոգեմտավոր աշխարհի մաս, որի հիման վրա կառուցվում է անձի ապրած, ապրվող և ապրելիք ճանապարհին յուրաքանչյուր «վերադարձը»:
 
 
         
         
         
         
         
        





 
          