ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի երեք փորձագետներ ս.թ. մայիսին և հունիսին մասնակցել են համատեղ գիտահետազոտական գործունեության Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի պոլիմերների, կոմպոզիտների և կենսանյութերի ինստիտուտում։ Ծրագրի օտարերկրյա գործընկերն էր պրոֆեսոր Մարինո Լավորգնան, իսկ հայ մասնագետների խմբի ղեկավարը՝ Լուսինե Հայրապետյանը:
Գործուղման նպատակը գիտական համագործակցության խորացումն էր մասնավորապես քիրալային կոմպոզիտային սորբենտների մշակման բնագավառում։ Աշխատանքներն իրականացվել են բարձր ստանդարտներին համապատասխան լաբորատոր պայմաններում՝ ընդգրկելով հետևյալ փուլերն ու մեթոդները․

Սիլիկագելի մակերևույթի ակտիվացում և համապատասխան քիմիական խմբերի կովալենտ կապում,
Քիրալային սելեկտորի՝ վանկոմիցինի հիմքով՝ կապում ակտիվացված մակերևույթին,
Նոր սերնդի խիտոզանային թաղանթների ստացում և ինտեգրում սորբենտային համակարգում,
FTIR սպեկտրոսկոպիկ հետազոտություններ՝ գործընթացների վերահսկման նպատակով,
Լաբորատոր փորձանմուշների վրա նոր մեթոդների յուրացում և կիրառում:
Փորձագետները շրջայց են կատարել ընդունող ինստիտուտի մասնագիտացված լաբորատորիաներում, ուսումնասիրել ժամանակակից սարքավորումները, վերլուծական ենթակառուցվածքը և գործնական հնարավորությունները։
Նախագծի շրջանակում ստացված արդյունքները էականորեն նպաստել են մասնակիցների փորձագիտական աճին՝ հնարավորություն ընձեռելով նոր տեխնոլոգիաների ներդրման և կիրառման համար։ Հատկապես կարևոր է նշել, որ համագործակցության ընթացքը հիմք է եռամսյակային շարունակական ծրագրի ձևավորման՝ ներառյալ տվյալների համատեղ մշակման, փորձարկումների և արդյունքների հրապարակման նախապատրաստման համար։
Գործուղումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» (№25YR-1D019) և «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» (№24-YSIP-008) ծրագրերի շրջանակներում: