ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Ժամանակակից հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցեր» խորագրով: Կլոր սեղան-քննարկման նպատակն էր քաղաքագիտական և տնտեսագիտական վերլուծության ենթարկել ժամանակակից հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող տեղեկատվական հոսքերը և երկու երկրների դիրքորոշումների գնահատականները միմյանց հանդեպ:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (Մոսկվա) համատեղ նախաձեռնությամբ:
Կլոր սեղան-քննարկումը վարեցին Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ՀԶԱՀԻ) փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան և Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արամ Սաֆարյանը:
Քննարկմանը մասնակցեցին հայ և ռուս հայտնի տնտեսագետներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, միջազգայնագետներ, արևելագետներ, ճանաչված հասարակական գործիչներ և փորձագետներ: Կարևոր էր նաև բարձր առաջադիմությամբ մի խումբ ուսանողների մասնակցությունը:

Տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հանդես եկավ 2025 թ. Հայաստանի տնտեսության վիճակի մասին զեկուցմամբ՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում։ Նա արժևորեց հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սկզբունքային կարևորությունը Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի համար:
Դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը ներկայացրեց երկկողմ առևտրի նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար և ներկայացրեց տնտեսագիտական որոշ կանխատեսումներ ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ:
Սոցիոլոգ, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը վերլուծեց վերջին տարիների սոցիոլոգիական հարցումների տվյալները Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության վերաբերմունքի մասին: Նա գնահատեց այդ հարցումներում պարունակվող տեղեկության դինամիկան և նշեց այսօրվա հասարակական կողմնորոշումների պատճառները:

Քաղաքագետ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը վերլուծեց վերջին շրջանի քաղաքական շփումները, Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումները Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ:
Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին ՀԶԱՀԻ ծրագրերի դեպարտամենտի պետ Վլադիմիր Ֆրանցուզովի ելույթը՝ «Արևմուտք-Հայաստան-Ռուսաստան» թեմայով, այնուհետև ակտիվորեն մասնակցեցին ելույթին հաջորդած քաղաքագիտական քննարկումներին։ Կլոր սեղան-քննարկումն ամփոփեցին դոցենտ Ա. Սաֆարյանը և պրոֆեսոր Վ. Կոմլևան:

Հավելենք, որ սա այս տարի անցկացվող երրորդ կլոր սեղան-քննարկումն էր, որը կազմակերպվում է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և մոսկովյան գործընկերոջ համագործակցության շրջանակում: Մոսկվայից ժամանած գիտնականները հոկտեմբերի 9-10 մասնակցելու են նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած միջազգային երկրորդ գիտաժողովին:
Կլոր սեղան-քննարկման մասնակիցները բարձր գնահատեցին ԵՊՀ և ՀԶԱՀԻ համագործակցության արդի մակարդակը և առաջարկներ ներկայացրին գործակցության նոր ուղիներ նախանշելու վերաբերյալ: