2025 թվականի նոյեմբերի 28-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Հայաստան ռազմավարական գործընկերություն. ենթատեքստեր և հեռանկարներ» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի համագործակցությամբ:
Գիտաժողովի գլխավոր նպատակն էր ներկայացնել երկու երկրների ռազմավարական գործընկերության նոր փուլը, տարածաշրջանային զարգացումները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ Նելլի Մինասյանը, Փայլակ Ենգոյանը (ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների բաժին) և Սարգիս Գրիգորյանը (Հայ-քրդական առնչությունների բաժին)՝ հանդես գալով համապատասխան զեկուցումներով:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բացման ելույթում ընդգծեց, որ հայ-չինական գործընկերային կապերը դարերի պատմություն ունեն՝ սկսած Մետաքսի ճանապարհից մինչև «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Նա նշեց, որ Հայաստանի վարած քաղաքականությունն ամբողջությամբ համահունչ է այս նախաձեռնության գաղափարներին: Հատկապես կարևոր է ակտիվացնել համագործակցությունը տարածաշրջանային տրանսպորտային փոփոխվող ենթակառուցվածքների համատեքստում։ Ռեկտորը շեշտեց նաև, որ Չինաստանի աճող հետաքրքրությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհի նկատմամբ կարող է Հայաստանը վերածել Արևելք-Արևմուտք կապող կարևոր միջանցքի։
Ռեկտոր Հ. Հովհաննիսյանը կարևորեց նոր սերնդի դերը հայ–չինական հարաբերությունների խորացման գործում՝ կոչ անելով ուսանողներին համարձակորեն ընտրել չինարենը, օգտվել կրթական ծրագրերից և, վերադառնալով Հայաստան, իրենց ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։ ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաև համալսարանում գործող Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ակտիվ աշխատանքին՝ նշելով, որ հիշյալ կենտրոնի գործունեությունը նպաստում է լեզվամշակութային և ակադեմիական կապերի ամրապնդմանը։
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն Ջին Ժենն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի հնագույն քաղաքակրթական ժառանգությունը, մշակութային ինքնատիպությունը և անկախությունից հետո արձանագրած տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը։ Ըստ նրա՝ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որը միացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, իսկ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված վերջին հայտարարությունը հիմք է դառնում համագործակցության նոր, առավել խորացված փուլի համար։ Նա նաև նշեց, որ վերջին տարիներին մեծ աճ է գրանցվել հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններում։
ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների հետազոտական բաժնի համակարգող Նելլի Մինասյանը հանդես եկավ «Չինաստանի և Թուրքիայի «փափուկ ուժի» կիրառումը Կենտրոնական Ասիայում» («Analyzing China and Turkey Soft Power Instruments in Central Asia») վերտառությամբ զեկուցումով: Նույն բաժնի կրտսեր գիտաշխատող Փայլակ Ենգոյանը ներկայացրեց «Չինաստանի աճող ազդեցությունը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում» («The Strengthening of China’s Position in Global Geopolitical and Geo-economic Processes») զեկուցումը:
«Մերձավոր Արևելքում ընթացող տարածաշրջանային զարգացումների վերահսկման և բալանսավորման Չինաստանի մոտեցումը» («China’s Approach to Monitoring and Balancing Regional Developments in the Middle East») թեմատիկ զեկուցումով հանդես եկավ նաև ՀՀԻ հայ-քրդական հարաբերությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը, որը ներկայացրեց Մերձավոր Արևելքում Չինաստանի ակտիվ դերակատարությունն ու նրա ռազմավարական մոտեցումները տարածաշրջանային գործընթացներում։
Գիտաժողովի մասնակիցների դիտարկումների համաձայն՝ ՀՀ-ՉԺՀ ռազմավարական համագործակցության խորացումը, գիտակրթական փոխանակումները և համատեղ ենթակառուցվածքային նախագծերը կարող են դառնալ հայ-չինական հարաբերությունների առաջ շարժող հիմնական ուժը։