- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտական բաժին
Հայ-ռուսական հարաբերությունների հետազոտական բաժին
Բաժնի հետազոտական աշխատանքներն կատարվում են հետևյալ ուղղություններով.
Հայ-ռուսական հարաբերությունների պատմաքաղաքական հիմքերի և նախադրյալների վերլուծություն։ Հետազոտական այս ուղղությունը հնարավորություն է տալիս բացահայտելու հայ ժողովրդի և ռուսական պետության միջև հարաբերությունների հաստատման ակունքները, ինչպես նաև վերլուծելու պատմական պայմանները, որոնք խորապես նպաստել են հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների մոտեցումներում արտաքին քաղաքական նախապատվությունների և առաջնահերթությունների ձևավորմանը։ Ուսումնասիրությունների կարևորագույն բաղկացուցիչներից է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության փոխակերպումների հիմնախնդիրը և համեմատականների անցկացումը ժամանակակից մարտահրավերների համատեքստում:
Հայ-ռուսական ժամանակակից ռազմաքաղաքական հարաբերությունների արդյունավետության բարձրացման ուղիները։ Այս ուղղությամբ որպես հետազոտության առարկա հանդես է գալիս երկու երկրների ազգային անվտանգության հայեցակարգերի ռազմաքաղաքական բաղադրիչների վերլուծությունը: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում ՀՀ զինված ուժերի վերազինման, ժամանակակից զինատեսակների մատակարարման և ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները:
Հայ-ռուսական ժամանակակից առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները միտված են բացահայտելու ռուսաստանյան կապիտալի դերն ու նշանակությունը հայոց պետականության կայացման գործընթացում: Վերլուծվում են ժամանակակից առևտրատնտեսական կապերի զարգացման միտումները ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով արևմտյան պետությունների կողմից ՌԴ դեմ կիրառվող սահմանափակումների պայմաններում երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների փոխակերպումների վերաբերյալ հիմնահարցերը:
Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում ՌԴ մասնակցության աստիճանի բնորոշումը։ Հիմնահարցերի այս խումբն ընդգրկում է տարածաշրջանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի այլ ուժային կենտրոնների շահերի բացահայտմանն ուղղված հետազոտությունները: Մատնանշվում են Հայաստանի և Ռուսաստանի՝ պատմականորեն ձևավորված շահերի ընդհանրությունները հարավկովկասյան բարդ տարածաշրջանում, ինչպես նաև գնահատվում է ՀՀ դերը ողջ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքական ներկայության ապահովման գործում:
ՌԴ ժամանակակից քաղաքական համակարգում տեղի ունեցող գործընթացների վերլուծություն։ Այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները նպատակ ունեն գնահատելու քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների դերակատարությունը ՌԴ հասարակական կյանքում: Մեծ տեղ է հատկացվում հասարակական հարաբերությունների ներկայիս մակարդակի, ինչպես նաև սոցիալական կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրություններին:
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքի և հնարավոր հետևանքների վերլուծություն։ Ուսումնասիրությունների համեմատաբար այս նոր ուղղությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հակամարտությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ինչպես հետխորհրդային տարածքի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հետազոտությունների այս խմբի նպատակներից են․
պարզաբանել դարեր շարունակ բարեկամներ համարվող երկու ժողովուրդների միջև ընթացող հակամարտության բուն պատճառները,
վերլուծել ռազմական բախումների ողջ ընթացքը՝ մատնանշելով հնարավոր զարգացումները,
բացահայտել ուկրաինական ճգնաժամի կապը վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված աշխարհակարգը վերափոխելու ձգտումների հետ:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ պ.գ.թ., քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ենգոյան
Հեռ.՝ (+374 60) 710 092 (ներքին՝ 10-94)
Էլհասցե՝ ashotyengoyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ