- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Սփյուռքագիտական հետազոտությունների բաժին
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժին
Սփյուռքագիտական հետազոտությունները հայագիտական հետազոտությունների անքակտելի մասն են:
Հայ ժողովրդի խոշոր զանգվածները, դեռևս միջին դարերում հեռանալով հայրենիքից, հաստատվել են հարևան և հեռավոր երկրներում՝ հիմք դնելով հայկական գաղթավայրերին, որոնք գոյատևել են նաև հետագա դարերում՝ անընդհատ համալրվելով Հայաստանից հեռացող հայության խմբերով:
Հայոց ցեղասպանության տարիներին հարյուրհազարավոր հայեր ստիպված հեռացան հայրենիքից՝ մի կողմից՝ թարմացնելով հին գաղթավայրերը, իսկ մյուս կողմից՝ ստեղծելով բազմաթիվ նորերը: Այդ ժամանակ հայրենիքից դուրս բնակվող հայության թիվը գրեթե եռապատկվեց, և ավելի քան կրկնակի ընդարձակվեց հայկական գաղթավայրերի աշխարհագրությունը: Դրան հավելվեց նաև այն, որ Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականությունը զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Հենց այդ իրողություններն են պատճառը, որ Հայկական սփյուռքը համարվում է ցեղասպանության հետևանք: Դրանից հետո օտար երկրներում ապաստանած հայությունը սկսեց իրեն ընկալել հայրենազրկված մեկ ամբողջության՝ Սփյուռքի մաս:
Ի հետևանս ասվածի՝ այժմ հայ ժողովրդի մեծ մասը բնակվում է հայրենի երկու պետություններից դուրս: Ուստի հայագիտության համար մեծ կարևորություն ունի Սփյուռքի ուսումնասիրությունը, որով ամբողջանում է հայ ժողովրդի միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության հետազոտությունը:
Բաժնի աշխատանքներն առնչվում են նաև սփյուռքագիտության տեսական հատվածին՝ նպատակ ունենալով հստակեցնելու սփյուռքագիտական հետազոտությունների մեթոդաբանական, դրույթային և հասկացութենական դաշտերը:
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի նպատակներն են.
- հստակեցնել սփյուռքագիտական հետազոտությունների հիմնական մեթոդները, սկզբունքները, դրույթներն ու գործածվող հասկացությունները,
- իրականացնել պատմածագումնաբանական և պատմատիպաբանական համեմատական ուսումնասիրություններ՝ Հայկական սփյուռքը համադրելով այլ սփյուռքների հետ (հրեական, հունական և այլն),
- ուսումնասիրել գաղթաշխարհի և Սփյուռքի պատմության հիմնական շրջափուլերն ու զարգացումները,
- ուսումնասիրել առանձին գաղթավայրերի պատմությունը մինչև Հայոց ցեղասպանություն,
- հետազոտել արտերկրի հայկական ժառանգության ձևավորման պատմությունն ու այդ ժառանգության ներկա վիճակը,
- քննարկել Հայոց ցեղասպանությունից հետո Սփյուռքի ձևավորման խնդիրները,
- ուսումնասիրել արդի հայկական համայնքները,
- քննության առնել սփյուռքյան կազմակերպությունների ներկա վիճակը,
- ուսումնասիրել սփյուռքյան հիմնական զարգացումները արդի փուլում,
- ուսումնասիրել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, դրանց զարգացումները և համագործակցության հիմնական ոլորտները,
- կատարել ռազմավարական և իրավիճակային վերլուծություններ Սփյուռքում տեղի ունեցող գործընթացների, Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացումների վերաբերյալ:
Կոնտակտներ
Բաժնի ղեկավար՝ պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Արման Եղիազարյան
Հեռ.՝ (+374 60) 710 092
Էլհասցե՝ armanyeghiazaryan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ