- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբ
ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբ
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում ԵՊՀ ՀՀԻ շրջանակում առաջին անգամ ձևավորվել է գիտական (փորձագիտական) խումբ, որը զբաղվում է իսրայելական հետազոտություններով՝ ընդհանրապես և ՀՀ-Իսրայել հարաբերություններով՝ մասնավորապես:
ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբը զբաղվում է արաբական երկրների և Իսրայելի հետ ՀՀ արդի հարաբերությունների համակողմանի ուսումնասիրությամբ: Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, փոփոխություններն ու փոխակերպումներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում Հայաստանի, Արցախի և «Հարավային Կովկաս» տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա՝ առաջ բերելով բազմաթիվ սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր ու մարտահրավերներ:
Վերջին 3 տասնամյակների ընթացքում Մերձավոր և Միջին Արևելքը ենթարկվել է զգալի փոխակերպումների ուժային բաշխվածության առումով, նկատելիորեն սրվել են տարածաշրջանի ազդեցիկ ակտորների միջև հարաբերությունները, գերիշխում են ուժային միջամտության միտումները:
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղ գտնող ընթացիկ զարգացումներն ու նոր իրողությունները, ինչպես նաև Հայաստանի առջև առկա նոր սպառնալիքները, վտանգները, ռիսկերն ու մարտահրավերները, անհրաժեշտ է նորովի՝ փորձագիտական խորությամբ և համակողմանիորեն դիտարկել արաբական պետությունների և Իսրայելի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, արտաքին հարաբերությունների վրա ազդող փոփոխականները, ինչպես նաև համակարգային այլ գործոնները՝ ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների համատեքստում:
ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խումբը կոչված է հետազոտելու նշված հիմնախնդիրները տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների համատեքստում՝ նպատակ ունենալով հրապարակելու որակյալ գիտական մշակումներ և գործնական ուղղվածություն ունեցող փորձագիտական զեկույցներ, աշխատանքային տետրեր, որոնք հասցեագրված կլինեն ակադեմիական հանրությանը, քաղաքական շրջանակներին, պետական գերատեսչություններին, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակներին:
Կոնտակտներ
Խմբի ղեկավար՝ պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյան
Հեռ.՝ (+374 60) 710 092, ներքին հեռ.՝ 10-92
Էլհասցե՝ musheghghahriyan@ysu.am
Հասցե՝ ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ