Ընդհանուր տվյալներ
«ԵՊՀ հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգը» հաստատելու ու 2012 թ. Հունիսի 28-ին հաստատված «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգը» ուժը կորցրած ճանաչելու մասին․ Որոշում N 8/4
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 8-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 8-րդ ենթակետերով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է.
հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին կարգը»՝ համաձայն Հավելվածի,
ուժը կորցրած ճանաչել 2012 թ. հունիսի 28-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգը»։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՊՀ գիտական խորհրդի
2025 թ. ապրիլի 14-ի թիվ 8/4 որոշման
ԵՊՀ ԳԽ նախագահ Հ. Վ. Հովհաննիսյան
Կ Ա Ր Գ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼ ՊԱՇՏՈՆԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնի (այսուհետ՝ թափուր պաշտոն) համալրման կարգը, պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջներն ու պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսվող գիտամանկավարժական գործունեության տեսակները։
ԵՊՀ-ում թափուր պաշտոնի համալրումն իրականացվում է բաց մրցութային ընտրության (այսուհետ՝ մրցույթ) միջոցով՝ բացառությամբ սույն կարգի 35-36-րդ կետերով սահմանված դեպքերի։
II. ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԵՊՀ-ում թափուր պաշտոնի համալրումը կատարվում է հավակնորդի բարձրագույն և/կամ հետբուհական մասնագիտական կրթության որակավորման, գիտական աստիճանի, կոչման, մասնագիտական և մանկավարժական անհրաժեշտ հմտությունների, գիտահետազոտական ու մեթոդական գործունեության արդյունքների հաշվառմամբ։
ԵՊՀ-ում սահմանվում են պրոֆեսորադասախոսական կազմի հետևյալ պաշտոնները՝ պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս։
Պրոֆեսորի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի պրոֆեսորի գիտական կոչում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երեք գիտական աշխատանք (հոդված), որոնցում ներկայացնողը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ նամակագրություն վարող (corresponding author) հեղինակ կամ ունի համարժեք նշում և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր։
Դոցենտի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված), որոնցում ներկայացնողը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ նամակագրություն վարող (corresponding author) հեղինակ կամ ունի համարժեք նշում և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն հինգ կրեդիտ։
Ասիստենտի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի գիտական աստիճան կամ ավարտել է տվյալ մասնագիտության գծով ասպիրանտուրան (հայցորդությունը),
վերջին հինգ տարիների ընթացքում ունի կատարված և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն երեք միավոր,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն տասը կրեդիտ։
Դասախոսի թափուր պաշտոնին կարող է հավակնել այն անձը, որը՝
ունի տվյալ մասնագիտության գծով մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում,
վերջին հինգ տարիների ընթացքում ունի կատարված և սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն երկու միավոր,
վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում կուտակած առնվազն տասը կրեդիտ:
Սույն կարգի 5-8-րդ կետերում սահմանված՝ հավակնորդի գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության ցուցանիշները հաշվարկվում են հետևյալ ձևերով՝
Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները | Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով |
Դասագիրք Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Մենագրություն Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ: | 6 |
Ուսումնական ձեռնարկ Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ: | 3 |
Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված աշխատանք (հոդված): | 2 |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): | 1 |
III. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի համար սահմանվում են գիտամանկավարժական գործունեության հետևյալ տեսակները.
1. պրոֆեսորի համար՝ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով դասախոսության վարում, քննության և ստուգարքի անցկացում, բակալավրի և/կամ մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարում, ասպիրանտի և/կամ հայցորդի ղեկավարում, ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի, գիտական (գիտամեթոդական) սեմինարի ղեկավարում, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին ներգրավում, դասալսումների անցկացում, գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների կատարում,
2. դոցենտի համար՝ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով դասախոսության վարում, քննության ու ստուգարքի անցկացում, բակալավրի և/կամ մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարում, ասպիրանտի և/կամ հայցորդի ղեկավարում, ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի, գիտական (գիտամեթոդական) սեմինարի ղեկավարում, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին ներգրավում, գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների կատարում,
3. ասիստենտի համար՝ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով դասախոսության, գործնական, սեմինար ու լաբորատոր պարապմունքների վարում, քննության ու ստուգարքի անցկացում, ասպիրանտի և/կամ հայցորդի ղեկավարում, ավարտական աշխատանքի ու պրակտիկայի ղեկավարում, գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների կատարում,
4. դասախոսի համար՝ բակալավրի կրթական ծրագրով դասախոսության, գործնական, սեմինար ու լաբորատոր պարապմունքների վարում, քննության ու ստուգարքի անցկացում, պրակտիկայի ղեկավարում, ուսանողների հետ խորհրդատվության անցկացում, գիտահետազոտականուև ուսումնամեթոդական աշխատանքների կատարում։
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթի ընթացքը կազմակերպում ու համակարգում է որակավորման մանդատային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որի անվանական կազմը հաստատվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով` ուսումնական հարցերը համակարգող պրոռեկտորի ներկայացմամբ։
Հանձնաժողովն իրավասու է մրցույթի ընթացքում առաջացած հարցերի ու ծագած խնդիրների կապակցությամբ ռեկտորին առաջարկներ ներկայացնել։
Ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ բաժին), համագործակցելով ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության հետ, ռեկտորին է ներկայացնում հաջորդ ուսումնական տարում առաջացող թափուր պաշտոնների ցանկը, որոնց համալրման նպատակով անցկացվելիք մրցույթը հայտարարվում է մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը ռեկտորի հրամանով։
Բաժինը նախապատրաստում է մրցույթի հայտարարությունն ու սահմանված կարգով հրապարակում այն ԵՊՀ կայքէջում, որտեղ նշվում են պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները, պաշտոնը զբաղեցնելու ժամկետը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման վայրն ու վերջնաժամկետը։
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը բաժնին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ռեկտորի անունով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն (CV),
- բարձրագույն կրթության, գիտական աստիճանի և գիտական կոչման վկայականների պատճենները,
- դասավանդվող դասընթացների ուսումնական պլանների նախագիծը,
- վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված աշխատությունների ցանկը,
- վերջին հինգ տարիների ընթացքում որակավորման բարձրացման դասընթացներից կուտակած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթ։
Դիմումները՝ կից փաստաթղթերով, ներկայացվում են հայտարարության օրվանից սկսած տասնհինգ օրվա ընթացքում։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո հանձնաժողովը ստուգում է հավակնորդի ներկայացրած դիմումն ու փաստաթղթերը դրանց ամբողջականության ու մրցույթի պայմաններին համապատասխանության տեսանկյունից։
Եթե հավակնորդի դիմումը չի համապատասխանում պահանջներին, փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացվել է սահմանված վերջնաժամկետից ուշ, ապա հանձնաժողովը մերժում է դիմումը։ Մերժման որոշումը կարող է բողոքարկել ռեկտորին այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
Եթե հավակնորդը չի համապատասխանում տվյալ պաշտոնի պահանջներին, գործատուն կարող է (հավակնորդի համաձայնությամբ) առավելագույնը մեկ տարի ժամկետով նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր այն պաշտոնում, որի պահանջներին համապատասխանում է՝ բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների։
Մրցույթի պահանջները բավարարող հավակնորդի դիմումը հանձնաժողովն ուղարկում է համապատասխան ամբիոնի քննարկմանը։
Ամբիոնի նիստում քննարկվում են հավակնորդի փաստաթղթերը, անցկացվում է բաց քվեարկություն (եթե այլ որոշում չի կայացվել), որի արդյունքներով կազմվում է կարծիք, որն ուղարկվում է ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի մրցութային մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով)։
Մրցութային հանձնաժողովը ուսումնասիրում է հավակնորդի փաստաթղթերը և կազմում գրավոր եզրակացություն՝ ներկայացնելով հավակնորդի մասնագիտական բնութագիրը, որակավորումը, մանկավարժական գործունեությունն ու ամբիոնի կարծիքը։
Մրցույթն անցկացվում է ստորաբաժանման գիտական խորհրդում, իսկ համահամալսարանական ստորաբաժանումների թափուր պաշտոնների համար՝ ԵՊՀ գիտական խորհրդում։
Ռեկտորի հրամանով ցանկացած մրցույթ կարող է անցկացվել ԵՊՀ գիտական խորհրդում համապատասխան պատշաճ հիմնավորմամբ։
Գիտական խորհրդի նիստին հավակնորդի ներկայությունը պարտադիր է, և նրա բացակայության դեպքում գիտական խորհուրդը որոշում է կայացնում մրցույթին նրա մասնակցությունը դադարեցնելու մասին: Խորհրդի անդամները կարող են ելույթ ունենալ, քննարկումներ ծավալել ու հարցեր ուղղել հավակնորդին։
Փակ, գաղտնի քվեարկության ժամանակ քվեաթերթիկում գրանցվում են մրցույթին մասնակցող բոլոր հավակնորդների անունները։
Գաղտնի քվեարկություն անցկացնելու ու արդյունքները ամփոփելու նպատակով գիտական խորհրդի անդամներից ընտրվում է հաշվիչ հանձնաժողով՝ երեքից ոչ պակաս, կենտ թվով անդամներով, որոնցից որևէ մեկը չի կարող լինել հավակնորդ: Հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են նախագահ՝ որոշումները կայացնելով «կողմ» քվեների պարզ մեծամասնությամբ։
Եթե մրցույթին մասնակցում է միայն մեկ հավակնորդ, քվեաթերթիկում նշվում են նրա անուն-ազգանունը, «կողմ» ու «դեմ» բառերը, իսկ մի քանի հավակնորդների դեպքում՝ նրանց անուն-ազգանունները (այբբենական կարգով), վերջին տողում՝ «բոլորին դեմ եմ» արտահայտությունը։
Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում մեկ հավակնորդի դեպքում «կողմ» կամ «դեմ» բառերի դիմաց արված է V նշումը, իսկ մեկից ավելի հավակնորդների դեպքում քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ» տարբերակի օգտին։
Եթե քվեաթերթիկում առկա են այլ նշումներ, ընդգծումներ, կամ որևէ հավակնորդի օգտին չի կատարվել քվեարկություն, այն համարվում է անվավեր, որի որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը՝ «կողմ» քվեների պարզ մեծամասնությամբ։ Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է ընտրության արդյունքների վրա, և այդ հարցի առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկվում է գիտական խորհրդի կողմից, և կայացվում է համապատասխան որոշում:
Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3):
Ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն։
Եթե հավակնորդների թիվը երեք կամ ավելի է, և որևէ մեկը չի ստանում անհրաժեշտ «կողմ» քվեները, ապա նույն նիստում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու (հավասար «կողմ» քվեների դեպքում՝ երկուսից ավելի) հավակնորդները:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահը գիտական խորհրդին ներկայացնում է քվեարկության արդյունքները, որոնց հիման վրա գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
տվյալ թափուր պաշտոնում հավակնորդի ընտրվելու մասին,
կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,
ընտրությունը չկայացած ճանաչելու մասին։
Կրկնակի քվեարկությունը կազմակերպվում է նույն կարգով, և ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն։
Ընտրությունը համարվում է չկայացած, եթե հիմնական կամ կրկնակի քվեարկության արդյունքում ոչ մի հավակնորդ չի ստանում անհրաժեշտ «կողմ» քվեները։
Պրոֆեսորի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստորաբաժանման գիտական խորհրդում անցկացված մրցույթի արդյունքները (ընդունված որոշումը) հաստատվում են ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ։
Գիտական խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել ռեկտորին եռօրյա ժամկետում, և եթե այն հակասում է ՀՀ օրենսդրությանը կամ ԵՊՀ կանոնադրությանը, կամ մրցույթի գործընթացում բացահայտվել են էական խախտումներ, որոնք ազդել են վերջնական արդյունքների վրա, ապա ռեկտորը իրավասու է կասեցնել որոշումը ու տասնօրյա ժամկետում նշանակել վերաքննարկում։
V. ԸՆՏՐՎԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԸ
Սույն կարգի 4-րդ բաժնում սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված հավակնորդի հետ ռեկտորը կնքում է աշխատանքային պայմանագիր (ընդունում է անհատական իրավական ակտ) հինգ տարի ժամկետով:
Աշխատանքային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ավարտին աշխատողը պարտավոր է ստորաբաժանման գիտական խորհրդին ներկայացնել հաշվետվություն՝ ընտրվելուց հետո իր կողմից իրականացված գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ (Հավելված 4):
Ժամավճարային հիմունքով, համատեղությամբ կամ հիմնական աշխատանքային պայմանագրով մինչև 0.5 դրույքաչափով (ներառյալ) պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնի համալրումն իրականացվում է տվյալ ամբիոնի կողմից պարզեցված բաց մրցութային ընթացակարգով, հավակնորդի գիտամանկավարժական գործունեության արդյունքները գնահատելու միջոցով ու մինչև մեկ տարի ժամկետով:
Պարզեցված ընթացակարգով բաց մրցույթի դեպքում սույն կարգի 15-32-րդ կետերի դրույթները չեն կիրառվում:
Պարզեցված ընթացակարգով բաց մրցույթի մասնակցող հավակնորդը պետք է համապատասխանի սույն կարգի 2-րդ բաժնում՝ տվյալ պաշտոնի համար սահմանված՝ որակավորման, գիտական աստիճանի, կոչման, մասնագիտական ու մանկավարժական անհրաժեշտ հմտություններ ունենալու պահանջներին (հիմնավորող փաստաթղթերը հավակնորդի կողմից ներկայացվում են համապատասխան ամբիոնին):
Պարզեցված ընթացակարգով բաց մրցույթի մասնակցող հավակնորդը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ նախորդ ժամկետում իր կողմից իրականացված գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ (Հավելված 4)՝ բացառությամբ առաջին անգամ մրցույթին մասնակցող հավակնորդի:
Ամբիոնի վարիչն իրավունք ունի առաջին անգամ մրցույթին մասնակցող (աշխատանքի ընդունվող) հավակնորդին հանձնարարելու վարել ուսումնական պլանի շրջանակում ընտրված որևէ թեմայով փորձնական դասախոսություն, սեմինար կամ գործնական պարապմունք:
Պարզեցված ընթացակարգով բաց մրցույթի արդյունքները, հավակնորդի վերաբերյալ փաստաթղթերն ու սահմանված կարգով հաստատված ամբիոնային ուսումնական բեռնվածության ձևաթուղթը ներկայացվում են բաժնին:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա և ամբիոնում համապատասխան թափուր պաշտոնի (ուսումնական բեռնվածության) առկայության դեպքում ռեկտորն իրավասու է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողի հետ ևս մեկ անգամ ու առանց մրցույթի կնքել աշխատանքային նոր պայմանագիր՝ երեք տարի ժամկետով:
Այս դեպքում պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը սահմանված կարգով ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդին է ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ ժամկետում իր կողմից իրականացված գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ (Հավելված 4):
Ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհուրդը, քննարկելով հավակնորդի գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը, ընդունում է համապատասխան որոշում, որը կից փաստաթղթերով ուղարկում է հանձնաժողովին:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հաշվետվությունն ու ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի որոշումը, առաջարկություն է ներկայացնում ռեկտորին տվյալ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրն առանց մրցույթի վերակնքելու վերաբերյալ:
Առանձնահատուկ դեպքերում, մասնավորապես ուսումնական բեռնվածության ու հաստիքների թվաքանակի աճի, հատուկ դասընթաց վարող մասնագետի ներգրավման անհրաժեշտության, աշխատողի առողջական վիճակի, բացակայող աշխատողին փոխարինելու կամ այլ հարգելի պատճառներով պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը ռեկտորի հրամանով մեկ անգամ կարող է համալրվել առանց մրցույթի՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
VI. ՊԱՇՏՈՆԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը, կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
Ռեկտորն իրավասու է աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդին ներկայացնելու պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու հարցը:
Գիտական խորհրդում զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցի քննարկմանը նախորդում է խորհրդի անդամներից կազմված հանձնաժողովի կողմից աշխատողի աշխատանքային գործունեության ստուգումը, որի անվանական կազմը գիտական խորհրդի ներկայացմամբ հաստատում է ռեկտորը:
Ռեկտորն իրավասու է հանձնաժողովում ընդգրկելու արտահամալսարանական (արտաֆակուլտետային) փորձագետների:
Եթե գիտական խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ հաստատում է զբաղեցրած պաշտոնին տվյալ աշխատողի անհամապատասխանությունը (դասավանդման որակի, մեթոդաբանության, դասընթացի վարման, գիտահետազոտական գործունեության, ուսանողական հարցման արդյունքների հաշվառմամբ), ապա ռեկտորը սահմանված կարգով լուծում է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մինչև 2026-2027 ուսումնական տարվա ավարտը սույն կարգի 4-րդ բաժնում սահմանված կարգով անցկացվող մրցույթին չմասնակցած ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում նրա հետ աշխատանքային հարաբերությունները կարող են երկարաձգվել սույն կարգի 34-րդ կետով սահմանված պարզեցված բաց մրցութային կարգով:
Սույն կարգի 6-8-րդ կետերում սահմանված պաշտոնների համալրման մրցույթներում հավակնորդի կողմից սահմանված չափով որակավորման բարձրացման կրեդիտներ ներկայացնելու պարտադիր պահանջը գործելու է 2027-2028 ուսումնական տարվանից:
2027-2028 ուսումնական տարվանից սկսած՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնի համալրումը կատարվելու է բացառապես սույն կարգի 4-5-րդ բաժիններում սահմանված կարգով ու պայմաններով:
Սույն կարգի ընդունման պահին մրցույթով ընտրված ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողները շարունակում են աշխատել ընտրված պաշտոններում մինչև իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետների լրանալը:
Հավելված 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՙԵրևանի պետական համալսարան՚ հիմնադրամի _________________________________________ ֆակուլտետի/ինստիտուտի գիտական խորհրդի _________________ թվականի նիստում _______________ պաշտոնի փակ, գաղտնի քվեարկության
Հ/Հ | ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ | ԿՈՂՄ | ԴԵՄ |
|
|
|
|
«Կողմ» կամ «դեմ» լինելու դեպքում քվեաթերթիկի համապատասխան վանդակում կատարվում է V նշումը:
Հավելված 2
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՙԵրևանի պետական համալսարան՚ հիմնադրամի ______________________________________ ֆակուլտետի/ինստիտուտի գիտական խորհրդի ________________ թվականի նիստում ______________ պաշտոնի փակ, գաղտնի քվեարկության
Հ/Հ | ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ | ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄԸ |
1. |
| |
2. |
| |
3. |
| |
4. | ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ: |
|
Որևէ հավակնորդի «կողմ» լինելու կամ «բոլորին դեմ» լինելու դեպքում քվեաթերթիկի համապատասխան վանդակում կատարվում է V նշումը:
Հավելված 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հաշվիչ հանձնաժողովի
ք. Երևան « » 20 թ.
Հաշվիչ հանձնաժողովն ընտրվել է ՙԵրևանի պետական համալսարան՚ հիմնադրամի __________________________________ ֆակուլտետի/ինստիտուտի գիտական խորհրդի ___________ թ. նիստում հետևյալ կազմով՝
1. _____________________________________
2. _____________________________________
3. _____________________________________
Ֆակուլտետի/ինստիտուտի գիտական խորհրդի _____ անդամներից ներկա էին ___ -ը:
Քվեարկվել է (են) ____________________________ ֆակուլտետի/ինստիտուտի _____________ ամբիոնի __________ պաշտոնի հավակնորդի թեկնածություն(ներ)ը:
Քվեարկությանը մասնակցել են ֆակուլտետի/ինստիտուտի գիտական խորհրդի _____ անդամներ:
Բաժանվել է ____________ քվեաթերթիկ:
Քվեատուփում առկա է ____________ քվեաթերթիկ:
Քվեարկության արդյունքներն են՝
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ, ԴԵՄ, ԱՆՎԱՎԵՐ,
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ ԿՈՂՄ, ԴԵՄ, ԱՆՎԱՎԵՐ,
Անվավեր քվեաթերթիկների քանակը ______:
Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով ______________________________ ընտրվել է (չի ընտրվել) ________________________ ֆակուլտետի/ինստիտուտի _______ ամբիոնի _____________ պաշտոնում,
կամ՝
փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով _______________________ ֆակուլտետի/ինստիտուտի ______ ամբիոնի _________________ի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չի ընտրվում ___________ի պաշտոնում, իսկ ներքոհիշյալ հավակնորդները մասնակցում են կրկնակի քվեարկությանը:
1. _____________________________________
2. _____________________________________
3. _____________________________________
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ՝ _____________ ______________________
Հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ _____________ _______________________
_____________ _______________________
Հավելված 4
ՙԵրևանի պետական համալսարան՚ հիմնադրամի
(ուսումնական ստորաբաժանման) գիտական խորհրդին
Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աշխատողի ԱԱՀ ________________________________________
Ստորաբաժանումը, պաշտոնը ______________________________
Հաշվետու ժամանակահատվածը ____________________________
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են ուսումնական, ուսումնամեթոդական հետևյալ աշխատանքները (ներկայացնել մշակված կամ բարելավված դասընթացների ցանկը, վերապատրաստումների ցանկը (առավելագույնը 500 բառ)).
______________________________________________________________________________________________________________________:
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են գիտական, գիտահետազոտական հետևյալ աշխատանքները (նկարագրել ստացած դրամաշնորհները, տպագրված աշխատանքները, մասնակցությունը գիտաժողովներին (առավելագույնը 500 բառ)).
______________________________________________________________________________________________________________________:
Նախորդող երկու ուսումնական տարում ուսանողական հարցման արդյունքում միջին գնահատականը կազմում է _________________:
Աշխատող՝ ____________________________
ԱԱՀ, ստորագրություն
Ամբիոնի վարիչ՝ ________________________________
ԱԱՀ, ստորագրություն