ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համագործակցության շրջանակում Աղվերանում կայացել է «Շրջակա միջավայրի գիտություններ․ սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ» խորագրով աշնանային VII դպրոցը։
Դպրոցը ներառում էր երկու փոխլրացնող բաղադրիչ՝ գիտական և մասնագիտական, ինչպես նաև իրավական և օրենսդրական։
Գիտական և մասնագիտական բաղադրիչի շրջանակում ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է սննդի ռիսկի և օգուտի գնահատման, սննդի անվտանգության, շրջակա միջավայրի և մարդու առողջության փոխկապակցվածության, ինչպես նաև ոլորտի գիտական մոտեցումների ու առաջատար փորձի վերաբերյալ նյութեր։
Իրավական և օրենսդրական բաղադրիչն իրականացվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրությունների Ժան Մոնե գերազանցության կենտրոն․ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» (DeHuRiS, 101177115) ծրագրի շրջանակում։ Այս հատվածում անդրադարձ է կատարվել սննդի անվտանգության և շրջակա միջավայրի ոլորտների իրավական ու կարգավորող հարցերին՝ եվրոպական փորձի և մոտեցումների համատեքստում։
Աշնանային դպրոցի ընթացքում անցկացվել են մասնագիտական դասախոսություններ, քննարկումներ, հարցուպատասխաններ, խմբային աշխատանքներ և գործնական առաջադրանքներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել խորացնելու իրենց գիտելիքները, քննարկելու ոլորտի արդիական խնդիրներն ու փոխանակելու մասնագիտական փորձ։
Դպրոցի համատեղ կազմակերպումը միավորել է շրջակա միջավայրի և սննդի անվտանգության գիտական ուսումնասիրություններն ու դրանց իրավական կարգավորման հարցերը՝ նպաստելով գիտական և կրթական հաստատությունների միջև համագործակցությանը։
