Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը անցկացվեց «ԵՄ հարևանություն․ պատմություն, քաղաքականություն և անվտանգություն» խորագրով ամառային դպրոցը։
Միջոցառումը միավորեց տարբեր ոլորտների երիտասարդ գիտնականների, ուսանողների և քաղաքականության վերլուծաբանների՝ քննարկելու Եվրոպական միության հարևանության քաղաքականության հիմնախնդիրները, դրա ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև անվտանգային նոր իրականությունները:
Դասընթացների ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները բարձրակարգ փորձագետների առաջնորդությամբ հնարավորություն ունեցան մասնակցելու դասախոսությունների, խմբային քննարկումների:
Դասախոսություններով հանդես եկան Սուրեն Թադևոսյանը, Նարեկ Սուքիասյանը, Նինո Լապիաշվիլին:
Ս. Թադևոսյանը ներկայացրեց ԵՄ քաղաքականության հիմնական ուղղությունները հարևան երկրների նկատմամբ, ինչպես նաև ԵՄ-ի՝ որպես համաշխարհային դերակատարի դերը միջազգային քաղաքականությունում:
Ն. Սուքիասյանը վերլուծեց Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Ն. Լապիաշվիլին անդրադարձավ ԵՄ ինչպես ընդհանուր արտաքին, այնպես էլ անվտանգության քաղաքականության սկզբունքներին: Նա խոսեց ԵՄ արտաքին իրավասությունների մասին ևս։
Տեսական գիտելիքներ ստանալուց բացի՝ մասնակիցները ներգրավվեցին նաև խմբային գործնական աշխատանքներում՝ համատեղ վերլուծություններ իրականացնելու, վերապատրաստման շրջանակում ձևավորված առաջադրանքները ներկայացնելու նպատակով։
Ամառային դպրոցը եզրափակվեց մասնակիցների կատարած աշխատանքի տեսասահիկների ցուցադրությամբ, որին հաջորդեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ամառային դպրոցը նպաստեց մասնակիցների գիտելիքների խորացմանը, տարածաշրջանային գործընթացների մասին քննադատական մտածողության զարգացմանը, ինչպես նաև գիտական նոր կապերի հաստատմանը։