ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» («DeHuRiS») ծրագրի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցության շրջանակում ս.թ. դեկտեմբերի 11-12-ը քաղաքացիական ծառայողների համար իրականացվեց «Եվրոպական միության հիմունքները ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում» վերապատրաստման ծրագիրը:
Երկօրյա դասընթացի շրջանակում քննարկվեցին Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության վերաբերյալ հիմնահարցերը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրավական ու կառուցվածքային շրջանակը։
Դասընթացի կարևոր թեմաներից էին նաև արդարադատության, մարդու իրավունքների, կառավարման ու տնտեսական զարգացման ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ որպես Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մաս։ Ներկայացվեցին պետական կառավարման համակարգում առավել արդյունավետ օգտագործվող որոշումների կայացման մեխանիզմները և արտաքին գործողությունների քաղաքականությունը՝ կողմերի միջև համագործակցությունը խորացնելու և պարտավորությունների իրագործումն առավել արդյունավետ դարձնելու համար։
Դասընթացին մասնակցեցին պետական 17 մարմինների աշխատակիցներ։ 2026 թվականին նախատեսվում է շարունակել ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնախնդիրներին նվիրված նմանատիպ միջոցառումները։