ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Ռոբերտ Շուման» սրահում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը և զոհերի իրավունքների պաշտպանությունը քրեակատարողական համակարգում» թեմայով։
Դասընթացը կազմակերպվել էր Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։
Մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Միրզոյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրի պատասխանատու Արման Գասպարյանը։
Դասընթացը վարեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Ղազինյանը։ Ծրագրի շրջանակում քննարկվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման էությունը, դրանց սահմանումները ներպետական և միջազգային իրավունքում, թրաֆիքինգի բաղադրիչներն ու փուլերը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի, շահագործման և հարկադիր աշխատանքի հասկացությունների տարբերակման հիմնախնդիրները։
Առանձին անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Նելսոն Մանդելայի կանոններին և եվրոպական բանտային կանոններին։
Դասընթացն ուղեկցվեց գործնական վարժություններով, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին կիրառելու ձեռք բերված գիտելիքները մասնագիտական գործունեության համատեքստում։
Դասընթացի ավարտին անցկացվեց գիտելիքների գնահատում, ինչից հետո մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։



