ԵՊՀ ԵԼՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սեդա Գասպարյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Լուսինե Սահակյանը մասնակցեցին Լանջոյի համալսարանում (Չինաստան) կազմակերպված միջազգային սիմպոզիումին:
Բանախոսները ներկայացրին Ս. Գասպարյանի, Ա. Սաֆարյանի և Լ. Սահակյանի համագործակցությամբ իրականացվող գիտական թեմայի շրջանակում ձեռք բերված որոշ արդյունքներ՝ նվիրված հայ-ղփչաղական հարաբերությունների և ղփչաղերենի քերականության յուրահատկությունների լուսաբանմանը: Զեկուցումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, և ծավալվեց ակտիվ քննարկում:
Սիմպոզիումից դուրս կազմակերպվեցին տարբեր հանդիպումներ, որոնց ընթացքում տեղի ունեցան քննարկումներ՝ հետագա գիտական համագործակցության վերաբերյալ:
Գիտական շփումներն ու քննարկումները շարունակվեցին Պեկինի համալսարանում, ուր մեր մասնագետները հրավիրվեցին դասախոսություններ կարդալու համար: Հոկտեմբերի 16-ին Պեկինի համալսարանի տարածաշրջանային և երկրագիտական հետազոտությունների ինստիտուտում կայացավ պրոֆեսոր Ս. Գասպարյանի՝ «Հայերի դերը Օսմանյան կայսրության հանրային և մշակութային կյանքում» վերտառությամբ դասախոսությունը: Միջոցառումը վարում էր ինստիտուտի փոխտնօրեն, պրոֆեսոր Ձան Թաոն։ Դասախոսությանը ներկա էին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Լուսինե Սահակյանը և Պեկինի համալսարանի պրոֆեսորներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ ու մագիստրանտներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը:
Դասախոսության առանցքում հայերի անգնահատելի դերն էր Օսմանյան կայսրության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, և նրանց անչափելի ներդրումը կայսրության ֆինանսների, արհեստների, ճարտարապետության և արվեստի ոլորտներում, հայերի հիմնարար ու անուրանալի ազդեցությունը երկրի տնտեսական ու գեղագիտական կառուցվածքի վրա, հանրային ծառայությունների և հասարակական բարեփոխումների ոլորտում հայ մտավորականների ակտիվ մասնակցությունը Թանզիմաթի բարեփոխումների գործընթացին և այն նպաստը, որ հայերը բերել են օսմանյան հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառների ձևավորման, զարգացման ու արդիականացման գործին: Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ս. Գասպարյանը շեշտադրեց ու լուսաբանեց այն կարևոր փաստը, որ հայերը թե՛ կայսրության հանրային ու մշակութային կյանքի մասնակիցներ էին, և թե՛ նորարարության և արդիականացման շարժիչ ուժ։
Ընդգծվեց նաև այն իրողությունը, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի անցած ճանապարհը ոչ միայն ողբերգության ու անդառնալի կորուստների (որոնք նախանշեցին երիտթուրքական կառավարության՝ 1915-1923 թվականներին իրականացրած աղետալի Հայոց ցեղասպանությունը), այլև արարման ու ստեղծագործականության պատմություն է, քանի որ հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումները, բռնագաղթերն ու կոտորածներն անգամ չկարողացան խոչընդոտել նրանց քաղաքակրթական առաքելությունը։ Հետևաբար՝ ուսումնասիրել Օսմանյան կայսրությունը, անտեսելով հայերի ներդրումը, կնշանակի նկարագրել մարմինն առանց հոգու։
Քննարկման ընթացքում պրոֆեսոր Ձան Թաոն և ասոցացված պրոֆեսոր Շի Յուեն, արևելագիտության և հետգաղութային ուսումնասիրությունների տեսանկյունից վերլուծելով գիտության մեջ քաղաքակրթական հետազոտությունների կարևորության հարցը, նշեցին, որ Չինաստանը և Հայաստանը, լինելով հնագույն քաղաքակրթության կրողներ, պետք է առանձնակիուշադրության արժանացնեն մշակութային գիտակցությունը խթանող այսօրինակ ուսումնասիրությունները և բազմակողմ համագործակցության նոր հնարավորություններ փնտրեն։
Մասնակից գիտնականները, բարձր գնահատեցին դասախոսությունը, քանի որ այն հնարավորություն տվեց ոչ միայն բացահայտելու հայերի առանձնահատուկ դերը Օսմանյան կայսրության բազմաշերտ կառուցվածքում, այլև առաջարկեց նոր տեսանկյուն՝ միջքաղաքակրթական փոխազդեցությունները և տարածաշրջանային հետազոտությունների ակադեմիական նշանակությունը հասկանալու համար։ Դասախոսությունն ավարտվեց տևական և ջերմ ծափողջույններով:
Քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցեր: