ԵՊՀ պատմության ֆակուլտետը հյուրընկալեց Նիկողայոս Մառի անվան միջազգային հայագիտական մրցույթի մրցանակակիրներին՝ գիտական աշխատանքների քննարկման և փորձի փոխանակման նպատակով։ Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Ն. Մառի անվան մրցույթը «Ռուսական տուն» կազմակերպության և Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն է։ Այն անցկացվում է Հայաստանում արդեն երրորդ տարին անընդմեջ և նպատակ ունի միավորելու տարբեր երկրների հայագետներին՝ խթանելով հայագիտական ուսումնասիրությունների զարգացումը։

Մրցանակակիրները հանդես եկան դասախոսություններով՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները։ Լևոն Բատիևը (ՌԳԱ հարավային գիտական կենտրոն, Դոնի Ռոստով) ներկայացրեց իր ուսումնասիրությունը, որն անդրադառնում է Դոնի Նախիջևանի հայկական համայնքի ինքնավարության զարգացմանը 18-րդ դարի վերջից մինչև 1870-ական թվականները։ Աշխատանքում մանրամասնորեն ուսումնասիրվել են համայնքի իրավական կարգավիճակին, սոցիալական կառուցվածքին և մշակութային գործունեությանը վերաբերող հարցերը։
Մյուս մրցանակակիրը՝ Արաքսյա Առաքելյանը (Նոր Ուրենգոյ), հանդես եկավ «Հայերի միգրացիան Տյումենի տարածաշրջան. 19-րդ դարից 21-րդ դարի երկրորդ կես» թեմայով զեկուցմամբ։ Նրա ուսումնասիրությունը այս ուղղությամբ առաջին համապարփակ աշխատանքներից է՝ կենտրոնացած միգրացիոն ալիքների, հայ համայնքի հարմարվողականության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ նրա մասնակցության վրա։
Քննարկումներն անցան ակտիվ մթնոլորտում՝ ընդգրկելով ինչպես խորքային գիտական հարցադրումներ, այնպես էլ ուսանողներին հետաքրքրող հարցեր։
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեցին հյուրերին՝ իրենց հետաքրքիր զեկուցումների և գիտական ներդրման համար՝ ընդգծելով նման ձևաչափով հետագա համագործակցության կարևորությունը ևս։
Նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են գիտական արդյունքների հանրայնացմանը և փորձի փոխանակմանը, էական նշանակություն ունեն հայագիտության զարգացման գործում։ ԵՊՀ պատմության ֆակուլտետը պատրաստ է շարունակելու համագործակցությունը՝ աջակցելով հայագիտական ոլորտում գիտական կապերի խորացմանը։