ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խմբագրությամբ լույս է տեսել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերտվածքը՝ հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» խորագրով աշխատությունը։ Հրատարակությունը գրավոր աղբյուրների և հնագիտական հետազոտությունների քննությամբ ներկայացնում է Արցախի Տիգրանակերտի պատմամշակութային կերպարը։ Լուսաբանվում են քաղաքի տեղորոշման, շրջակայքի, կառուցապատման, գործառույթների, պեղումներով հայտնաբերված արտեֆակտների ընդհանրական բնութագիրը, հուշարձան-հասարակություն հարաբերությունները։

Ըստ Համլետ Պետրոսյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո (Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարություն), երբ Տիգրանակերտն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, առաջացավ գիտական պարտականություն՝ ամփոփելու բազմամյա հետազոտական աշխատանքի արդյունքները:
«Մենք մտածում էինք, որ Տիգրանակերտի հետազոտությունը դեռ երկար կշարունակվի։ Տիգրանակերտը նորամույծ հուշարձան է և´ անտիկ, և´ վաղ քրիստոնեական մշակույթների տեսանկյունից, ուստի չէինք շտապում ամփոփել մեր հետազոտության արդյունքները՝ ցանկանալով տարիների հետ ամբողջականացնել ուսումնասիրությունը։ Սակայն 2020 թվականից հետո զգացինք, որ մեր պարտքն է ամփոփել արածը և պահպանել քաղաքի գիտական դիմագիծը»։
Գրքում ներառված են 21 հեղինակների հետազոտությունները, որոնցից յոթը՝ արտասահմանից։ Ժողովածուն ձևավորվել է որպես ամբողջական պատկերի ներկայացում՝ տարբեր մասնագետների հեղինակած բաժիններով, սակայն միասնական կառուցվածքով։ Գիրքը ներառում է ավելի քան 600 լուսանկար, գծագիր և քարտեզ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս տեսողականորեն ծանոթանալու նյութին։

«Տիգրանակերտը շատ բարդ և բազմաշերտ հուշարձան է։ Մենք համադրել ենք տարբեր գիտական մեթոդներ՝ սկսած գրավոր աղբյուրների քննությունից մինչև ճարտարապետական, հնագիտական և բանասիրական վերլուծություններ։ Կարելի է ասել՝ գործածվել են մեթոդաբանական բոլոր գործիքները՝ միջգիտակարգային մոտեցմամբ», - ընդգծում է պրոֆեսորը։
Ժողովածուում ներառված է Տիգրանակերտում հայտնաբերված եզակի գտածոների վերաբերյալ հավելված՝ առանձին հոդվածներով։ Դրանց թվում են, օրինակ, Սասանյան կնքադրոշմների և արաբերեն արձանագրությունների ուսումնասիրությունները, որոնք բացահայտում են քաղաքի բազմաշերտ մշակութային անցյալը։
«Նման կորուստներից հետո մեր խնդիրն է պահպանել այդ ժառանգության գիտական դիմագիծը և զերծ պահել այն խեղաթյուրումներից։ Մեզ համար կարևոր է մասնագիտական վերաբերմունքը, քանի որ փորձել ենք չեզոք եզրաբանությամբ և ընդունված մեթոդաբանությամբ ներկայացնել մի ֆենոմեն, որն առանձնակի ուշադրության և հանրահռչակման է արժանի»,- նշեց խմբագիրը՝ ընդգծելով, որ գիրքը նախևառաջ նախատեսված է հայագիտական հանրույթի համար և շարադրված է պարզ, մատչելի լեզվով։
Այժմ խմբագրման փուլում է գրքի ռուսերեն թարգմանությունը, իսկ անգլերեն թարգմանության նախաձեռնությունն արդեն մեկնարկել է․ նպատակն է այն հրապարակել եվրոպական կամ ամերիկյան հեղինակավոր գիտական հարթակում։
Գիրքը հրատարակվել է Երևանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ։