ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում կայացավ արվեստագետ, արվեստի տեսաբան և ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանի դասախոսությունը՝ «Արվեստի խնդիրների շուրջ» թեմայով։ Միջոցառման շրջանակում քննարկվեցին արվեստագետի դերի, արվեստի զարգացման ուղիների և պատմական տարբեր ժամանակաշրջաններում դրա գործառույթների հետ կապված հիմնահարցեր։
Դասախոսությունը կառուցված էր արվեստի պատմական և տեսական տարբեր շերտերի համադրության վրա՝ ընդգծելով դրա բազմաշերտ և փոփոխական բնույթը։ Բանախոսը շեշտեց, որ արվեստագետը միշտ չէ, որ գործում է շուկայական պահանջարկի կամ պաշտոնական պատվերի շրջանակում․ ժամանակակից պայմաններում հաճախ բացակայում է հստակ պետական պատվերը, ինչի հետևանքով արվեստը զարգանում է ազատ, սակայն որոշ չափով նաև ինքնահոս կերպով։
Անդրադառնալով պատմական փորձին՝ Ա. Հայթայանը ներկայացրեց արվեստի և գաղափարախոսության փոխկապակցվածությունը տարբեր փուլերում։ Մասնավորապես նշվեց, որ ռեալիզմի ժամանակաշրջանում արվեստը սերտորեն առնչվում էր սոցիալ-տնտեսական խնդիրներին, իսկ խորհրդային շրջանում այն հաճախ ենթարկվում էր պետական գաղափարախոսությանը՝ պայմանավորելով թեմատիկ և գեղարվեստական սահմանափակումներ։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ նման պայմաններում արվեստագետները փորձել են գտնել արտահայտման այլընտրանքային ուղիներ՝ շրջանցելով սահմանափակումները։
Բանախոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ համաշխարհային արվեստը չի զարգանում միատեսակ ճանապարհով։ Տարբեր մշակույթներ և ժողովուրդներ ունեն իրենց յուրահատուկ փորձառությունն ու զարգացման տրամաբանությունը՝ պայմանավորված պատմական և աշխարհագրական առանձնահատկություններով։ Այս համատեքստում քննադատվեց համընդհանուր մոդելներով արվեստի զարգացումը բացատրելու միտումը, մասնավորապես՝ եվրոպակենտրոն մոտեցումները։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արվեստի և քաղաքակրթական զարգացման կապին՝ ընդգծելով, որ արվեստը ձևավորվում և հասունանում է երկարատև գործընթացի արդյունքում՝ անցնելով տարբեր փուլերով՝ ծիսական և գործառութային ձևերից մինչև ինքնուրույն գեղարվեստական արտահայտություն։ Կարևորվեց նաև կրոնական և ծիսական համակարգերի ազդեցությունը արվեստի ձևավորման վրա։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով․ ուսանողները հանդես եկան բազմաթիվ հարցադրումներով:
Նմանատիպ դասախոսությունները կարևոր նշանակություն ունեն արվեստաբան ուսանողների մասնագիտական ձևավորման տեսանկյունից։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն տեսական գիտելիքները համալրելու արդի դիտարկումներով, այլև ձևավորելու քննադատական մտածողություն, տարբեր մշակութային երևույթները համեմատական և բազմակողմանի դիտարկելու կարողություն։ Դրանք նպաստում են ուսանողների՝ ժամանակակից արվեստային գործընթացներին ավելի խորքային և գիտակցված ներգրավմանը։
Հավելենք՝ Պատմության ֆակուլտետի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ բանախոսը կաջակցի ուսանողներին աշխատաշուկայում կողմնորոշվելու, ինչպես նաև որոշ հետազոտական աշխատանքներ համաղեկավարելու գործում։



