ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ Սյուզաննա Բադալյանը ներկայացրեց «Պավլիկյան շարժումն իբրև սահմանային իրողություն․ ինքնություն, համայնք և գաղափարական դիմադրություն» թեմայով զեկուցում՝ պատմական այդ իրադարձությունը վերաիմաստավորելով նոր դիտանկյունից։
Բանախոսության նպատակն էր Պավլիկյան շարժման մասին քննարկումները դուրս բերել դասական պատմագրական կարծրատիպերից և այն վերաիմաստավորել արաբա-բյուզանդական բախման կիզակետում՝ որպես բարդ ու բազմաշերտ սահմանային փոխառնչությունների արդյունք։ ԵՊՀ ասպիրանտի հետազոտությունն ընդգրկում է շարժման ծագումից մինչև 9-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածը, որը բնութագրվում է համայնքների տարածական տեղաշարժերով և «սահմանային հանրապետության» ձևավորմամբ։
Որպես հիմնարար թեզ՝ Սյուզաննա Բադալյանը շեշտեց, որ անկայուն սահմանային միջավայրում պավլիկյանները հանդես են գալիս ոչ թե որպես կոնկրետ ազգային կամ դասակարգային խմբեր, այլ որպես ուրույն կրոնական ինքնությամբ համախմբված հանրույթներ, որոնց միավորող առանցքը Պողոս առաքյալի ուսմունքն էր։
ԵՊՀ ասպիրանտը, վերլուծելով պավլիկյան համայնքների կառույցը, նշեց, որ սահմանային անցումներն ու միջավայրի անկայունությունը հրամայական են դարձնում վերանայել շարժումը որպես բացառապես «հայկական իրողություն» ընկալելու մոտեցումը։ Նրա խոսքով՝ քանի որ շարժումը չէր սահմանափակվում մեկ միասնական քաղաքական կամ էթնիկ ոլորտով, էթնիկ և տարածքային պատկանելությունը համայնքի ներսում կորցնում էր իր առանցքային նշանակությունը, և համակարգաստեղծ դեր էր ստանձնում կրոնական պատկանելությունը։
Բանախոսության կենտրոնական թեմաներից էր Պավլիկյան շարժման դասական պատմագիտական մեկնաբանությունների քննադատությունը։ Ընդգծվեց, որ պավլիկյանները չունեին միասնական սոցիալական ծրագիր և չէին առաջնորդվում ազգային ինքնագիտակցությամբ, ինչը մարտահրավեր է նետում այն մոտեցումներին, որոնք շարժումը դիտարկում են ազգային-ազատագրական կամ սոցիալ-դասակարգային պայքարի շրջանակում։ Ըստ Սյուզաննա Բադալյանի՝ շարժման հիմքում ընկած էր Պողոս առաքյալի ուսմունքին հավատարիմ մնալու քրիստոնեական համոզմունքը։ Ռազմական գործոնից զատ՝ զեկուցողը հատուկ անդրադարձավ նաև պավլիկյանների գաղափարական դիմադրությանը՝ նշելով, որ նրանք իրենց կրոնական ինքնությունը կառուցում էին հակադրության սկզբունքով՝ հստակորեն տարանջատվելով բյուզանդացիներից դավանական հիմքի վրա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն գաղափարական դիմակայություն էր, այլև ինստիտուցիոնալ մարտահրավեր՝ ուղղված ինչպես Բյուզանդական կայսրության քաղաքական իշխանությանը, այնպես էլ պաշտոնական եկեղեցուն։
Բանախոսության եզրափակիչ հատվածում անդրադարձ կատարվեց նաև պավլիկյանների քաղաքական հարմարվողականությանը։ Ըստ բանախոսի՝ սահմանային անկայուն իրադրությունը նրանք կարողացել են վերածել ռազմավարական հնարավորության, որի վառ դրսևորումներից էր, այսպես կոչված, «սահմանային հանրապետության» ձևավորումը։ Այս կառույցի միջոցով վերջնականապես ձևավորվեց Բյուզանդիայից առանձնացված պավլիկյան կրոնաքաղաքական ինքնությունը։ Արաբական խալիֆայության հետ համագործակցության շնորհիվ պավլիկյանները ստեղծեցին կենտրոններ, որոնք գործեցին որպես փաստացի ինքնիշխան և անկախ քաղաքական միավորներ։
Զեկուցման կարևորությունը ընդգծվեց գիտակրթական միջավայրում ներկայացնելու տեսանկյունից, քանի որ այն հնարավորություն է տալիս վերանայելու պատմագիտության մեջ ձևավորված մոտեցումները և Պավլիկյան շարժումը դիտարկելու նոր՝ արդիական և բազմակողմանի տեսանկյունից։