ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հայ գրականության պատմություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկան Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի պրոֆեսոր Քարստեն Բրյուգեմանը և դոկտոր Թիմուր Գուզաիրովը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի և հայ բանասիրության ֆակուլտետներում ս.թ. նոյեմբերի 3-ին հյուրընկալվեց դոկտոր Թիմուր Գուզաիրովը (Տալլինի համալսարան, Էստոնիա): Նա հանդես եկավ «Հյուսիսային պատերազմը և էստոնացի գյուղացին. կայսերականի հաղթահարումը էստոնական դասագրքերում 1920-1930 թթ.» խորագրով զեկուցմամբ:
Գիտնականն առաջարկեց պատմության դասագրքերը դիտարկել ոչ միայն որպես կրթության գործիք, այլև որպես միջնորդ իշխանությունների, գաղափարախոսության և հավաքական հիշողության միջև: Հարկ է նշել, որ դպրոցական դասագրքերը հաճախ են դարձել լրատվամիջոցների բանավեճերի առարկա, քանի որ դրանք քաղաքական, սոցիալական և մշակութային հիշողության կարգավորման խոսույթներից են:
Բանախոսը ներկայացրեց մի քանի դպրոցական ձեռնարկներ («Էստոնիայի պատմություն», «Նորագույն պատմություն» և «Ընդհանուր պատմություն 9-րդ դասարանի համար»)՝ ցույց տալով, թե ինչպես են դրանցում կառուցվել Ռուսական կայսրության և «Ուրիշի» կերպարները («image»)։ Միջպատերազմյան շրջանում՝ 1920-1940-ական թվականներին, Էստոնիան ձգտում էր հաստատել սեփական ազգային ինքնությունը։ Դասագրքերը դառնում էին կարևոր հարթակ, որով ձևավորվում էին ազատության, գաղութային փորձի և մշակութային գերազանցության մասին պատկերացումները։
Հիշատակելով նաև ֆինն պատմաբան Առնո Ռաֆայել Սեդերբերգի (1922) «Ռուս գերիների պատմությունը Էրաստվերի ճակատամարտի մասին» հրապարակումը՝ դոկտոր Թ. Գուզաիրովը նկատեց, որ վերջինս, ներկայացվելով ակադեմիական հանրույթին, նպաստեց պատերազմը մեկնաբանելու «փոքր» ժողովուրդների տեսանկյունից:
Հաջորդիվ՝ նոյեմբերի 4-ին, Երևանի պետական համալսարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորած դրամաշնորհի (№ 24ՍԱՀ-6Բ014, ղեկավար՝ պրոֆեսոր Տիգրան Սիմյան) շրջանակում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ինստիտուտի (Տալլինի համալսարան, Էստոնիա) գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարստեն Բրյուգեմանը:
Պրոֆեսորը հանդես եկավ «Խորհրդային ինտերնացիոնալիզմ և էստոնական ազգայնականություն» խորագրով զեկուցմամբ: Նա ներկայացրեց խորհրդային ինտերնացիոնալիզմի և էստոնական ազգայնականության միջև բարդ փոխկապակցվածությունը: Էստոնիայի պատմական փորձի, մշակութային խորհրդանիշների և (ջազային) փառատոների օրինակով բանախոսը ցույց տվեց ինքնավարության արտասովոր երևույթները խորհրդային իշխանության ժամանակաշրջանում: Շեշտվեց, որ Էստոնիայի մշակութային խորհրդանիշները, փառատոները և էպիկական գրականությունը (մասնավորապես «Կալևիպոեգ» ազգային էպոսը) դարձան ինչպես ինտեգրման, այնպես էլ դիմադրության գործիքներ՝ ինքնության նշաններ, որոնք խորհրդային ռեժիմը փորձում էր յուրացնել: Հարկ է նշել, որ տվյալ էպոսը ազգայնականության և խորհրդային գաղափարախոսության միջև մշակութային երկխոսության վառ օրինակ է (ինչպես «Սասունցի Դավիթը» մեզանում): Խորհրդային տարիներին էպոսը ենթարկվեց գաղափարական վերամշակման, և Կալևիպոեգի կերպարը ներկայացվեց որպես աշխատավոր հերոս, որը մարմնավորում էր ոչ ազգայնական անհնազանդությունը։


