«Էրազմուս+» դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակում Լյուվենի կաթոլիկ (ֆրանկոֆոն) համալսարանի գիտության և հասարակության փիլիսոփայության կենտրոնի տնօրեն, գիտության և տեխնոլոգիայի փիլիսոփա և պատմաբան Չառլզ Փենսը Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացրեց «Էվոլյուցիայի փիլիսոփայական հիմնահարցերը» խորագրով հատուկ մեկշաբաթյա դասընթաց։
Միջգիտակարգային դասընթացի շրջանակում քննարկվեցին էվոլյուցիայի, հարմարման, մտածողության ձևավորման, ինչպես նաև կենսաբանության և փիլիսոփայության հատման դաշտում գտնվող մի շարք այլ խնդիրների փիլիսոփայական հիմնահարցերը։
Էվոլյուցիայի տեսության պատմություն
Առաջին դասին ներկայացվեց էվոլյուցիայի տեսության ծագման նախապատմությունը, որի համատեքստում պատմական ակնարկ կատարվեց 19-րդ դարի գիտական մտքի պատմությանը։ Մասնավորապես՝ հատուկ անդրադարձ կատարվեց Չ. Դարվինի կյանքին և հետազոտական գործունեությանը։ Ներկայացվեցին նրա գիտական հետազոտությունների համառոտ պատմությունը և էվոլյուցիայի տեսությանը հանգելու ճանապարհը։
Երկրորդ դասի ընթացքում քննարկվեցին բնական ընտրության, հարմարման և հարմարվածության էվոլյուցիոն գործընթացները և վերջիններիս փիլիսոփայական իմաստավորման խնդիրը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ինչ նորմատիվ և բարոյագիտական հետևություններ կարող են բխել էվոլյուցիոն տեսությունից, և ինչ սահմանափակումներ պետք է հաշվի առնել կենսաբանական բացատրություններից բարոյական եզրակացությունների անցնելիս։
Մարդկային մտածողության ձևավորման նախադրյալները
Երրորդ հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում էին մարդկային մտածողության ձևավորման կենսաբանական և միջավայրային նախադրյալները։ Մասնավորապես պարզաբանվեց, թե ինչ դեր ունեն մարդու կենսաբանական առանձնահատկությունները և արտաքին միջավայրը մտածողության, արժեհամակարգի և վարքային օրինաչափությունների ձևավորման գործում։ Քննարկման ընթացքում ընդգծվեց, որ մարդկային մտածողությունը և վարքը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես կենսաբանական հիմքերը, այնպես էլ սոցիալական ու մշակութային միջավայրի ազդեցությունը։
Դասընթացն ավարտվեց էվոլյուցիայի փիլիսոփայական հարցերի վերլուծությունից բխող բարոյական հետևություններով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անդրադառնալու այն խնդրին, թե արդյոք մարդկային վարքի և մտածողության կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունը կարող է նպաստել հասարակության բարելավմանն ուղղված տեսական և գործնական ջանքերին։
Քննարկվող հարցերին՝ բազմակողմանի մոտեցումներ
Դասընթացը համակարգեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Լևոն Բաբաջանյանը, որը նաև զուգահեռ ապահովեց դասընթացի հայերեն թարգմանությունը։ Դասընթացին մասնակցեցին ինչպես ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, այնպես էլ այլ ֆակուլտետների և բուհերի ուսանողներ։ Մասնակիցների մասնագիտական բազմաբևեռ հետաքրքրությունները հնարավորություն տվեցին քննարկվող թեմաներին մոտենալու բազմակողմանիորեն՝ փիլիսոփայական, կենսաբանական, հոգեբանական, քաղաքագիտական և անգամ ճարտարապետական դիտանկյուններից։
Ուսանողները կարևորեցին նման ձևաչափով դասընթացների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու միջազգային ակադեմիական միջավայրում քննարկվող արդիական թեմաներին, ինչպես նաև անմիջական շփում ունենալու արտասահմանյան համալսարաններում դասավանդող և հետազոտական գործունեություն ծավալող գիտնականների հետ։ Դասընթացը դարձավ գիտելիքի փոխանակման, միջգիտակարգային քննարկման և ակադեմիական համագործակցության արդյունավետ հարթակ։