Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետների համագործակցությամբ և «Համայնքային զարգացում» ՀԿ-ի գործնական աջակցությամբ հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը անցկացվեց «Պատմական նարատիվներ և ժամանակակից մարտահրավերներ. Հայաստանի մշակույթը, կրոնը և հասարակությունը» խորագրով միջազգային ամառային ակադեմիա՝ համախմբելով 40-ից ավելի մասնակիցների Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Վրաստանից։
Վայոց ձորի գեղատեսիլ վայրերից Եղեգիսի կիրճում գտնվող հանգստյան գոտին, որտեղ իրականացվել է ծրագիրը, վերածվել էր ակադեմիական և միջմշակութային երկխոսության յուրօրինակ հարթակի՝ ստեղծելով բազմաշերտ կրթագիտական, մշակութային միջավայր և խթանելով գիտելիքի ու փորձի փոխանակումը։
Ծրագիրն ընդգրկում էր թեմատիկ լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, սոցիոլոգիա, խաղաղաշինություն, աստվածաբանություն և կրոնագիտություն։
Օրակարգը հագեցած էր դասախոսություններով, սեմինարներով, վերլուծական քննարկումներով և ճանաչողական այցերով, որոնք նպաստել են թեմաների խորքային և համակողմանի ընկալմանը։
Մասնակիցներին առաջին օրը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել ՀԱՍԵ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի ու տարածաշրջանի ներկա վիճակը` արցախյան վերջին պատերազմից և արցախահայության բռնի տեղահանումից հետո։
Դասախոսություններով հանդես են եկել ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային առաջատար գիտնականներ և փորձագետներ։ Բանախոսություններ են ներկայացրել Ռեգինա Էլզները (Մյունսթերի համալսարան), Պարգև Բարսեղյանը (ԵՊՀ), Հարություն Հարությունյանը (ԵՊՀ), ցեղասպանագիտության ոլորտի անվանի մասնագետ Թեսա Հոֆմանը (Բեռլինի համալսարան), Դանիել Ցյուրանկան (Հալլեի համալսարան), Դագմար Հելլերը (Բենսհայմի միջեկեղեցական հետազոտությունների ինստիտուտ), Դորիս Գյունթեր-Կրիգելը (Հալլեի համալսարան), Ուլրիխ Հեքելը (Թյուբինգենի համասալան), Շուշան Խաչատրյանը (Ցեղասպանության ինստիտուտ), Արմինե Մելքոնյանը (Մ. Մաշտոցի անվ. Մատենադարան), Սևակ Ղազարյանը (Պարույր Սևակի տուն-թանգարարան)։ Բանախոսները անդրադարձել են պատմական իրադարձություններին և դրանց ազդեցությանը մերօրյա իրողությունների վրա՝ խորությամբ վերլուծելով կրոնի, մշակույթի և հասարակության փոխազդեցությունները տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում։
Ակադեմիայի շրջանակում տեղի է ունեցել նաև հանդիպում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ծրագրին առանձնակի հետաքրքրություն են հաղորդել նաև ՀՀ մասնագետների և արտերկրի փորձագետների համատեղ մասնակցությունն ու քննարկումները։
Ընդհանուր քննարկումների առանցքում էին պատմական հիշողության վերարժևորումը, կրոնի դերը քաղաքական ու ռազմական հակամարտություններում, Արցախի կորստի հոգեբանական և հասարակական հետևանքները, քաղաքական աստվածաբանության բացակայության խնդիրը, ինչպես նաև խաղաղության մշակույթի ձևավորման առաջնահերթությունները։ Դասընթացներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով՝ աշխույժ հարցուպատասխաններով, մասնակիցների և դասախոսների միջև երկխոսությամբ, ինչը նպաստել է թեմաների խորքային ընկալմանը։
Մասնակիցների և բանախոսների մշակութային ու աշխարհայացքային բազմազանությունը նպաստել է արժեքային և մշակութային երկխոսություն ստեղծելուն։ Միջեկեղեցական և միջմշակութային բնույթով աչքի ընկած ակադեմիայի ընթացքում ձևավորվել են նոր բարեկամական կապեր, որոնք ապագա մասնագիտական համագործակցությունների և կրթական նախաձեռնությունների համար իրական հիմք կդառնան։
Դասախոսություններին զուգահեռ կազմակերպվել են նաև ճանաչողական այցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Մասնակիցներն այցելել են Նորավանքի վանական համալիր, Արենի-1 քարանձավ, Զորաց եկեղեցի, միջնադարյան հրեական գերեզմանատուն, Սևանա լիճ, Նորատուսի պատմական գերեզմանատուն, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Այցերը ոչ միայն գիտական ու մշակութային արժեք ունեին, այլև կրում էին հոգևոր նշանակություն։
Ակադեմիայի ծրագիրը ամփոփվել է Երևանում, որի ընթացքում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը մասնակիցներին շնորհել է հավաստագրեր։
Նշենք, որ միջազգային ամառային ակադեմիան անցկացվել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի 30-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Հայաստանին աջակցող հայտնի գերմանական «Հաց աշխարհին» և «Ռենովաբիս» հիմնադրամների ու «Ցեղասպանության ճանաչման աշխատանքային միություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատել է ՀՀ համալսարանականների և արտասահմանյան գործընկերների տեսլականը՝ նպաստել կրթված, արժեքային համակարգով և խաղաղասիրական մտածողությամբ առաջնորդվող նոր սերնդի ձևավորմանը։