Նոյեմբերի 5-ին կայացավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի (ԳԽ) 2026-2027 ուսումնական տարվա չորրորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին ֆակուլտետի գիտահետազոտական և կրթական գործունեությանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:
Գիտական խորհուրդը հաստատեց Ֆինանսահաշվային ամբիոնի նոր ընդունված ասպիրանտի (հեռակա ուսուցմամբ) թեկնածուական ատենախոսության թեման և գիտական ղեկավարի նշանակումը։ Դոկտորանտուրայի անվճար տեղերի հատկացման 2027-2028 ուսումնական տարվա բուհական հայտում ընդգրկվելու համար երաշխավորվեցին ամբիոնների ներկայացրած գիտական ուղղությունները՝ Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնից՝ 2 (առկա ուսուցմամբ), Կառավարման և գործարարության ամբիոնից՝ 10 (7-ը՝ առկա, 3-ը՝ հեռակա), Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնից՝ 3 (առկա ուսուցմամբ)։
Հավանության արժանացավ նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» դրամաշնորհի շրջանակում իրականացվող «Մարդ-համակարգիչ փոխազդեցության կիրառումը կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում» գիտական թեմայի 2025-2026 թթ. կատարողական հաշվետվությունը։
Կրթական գործընթացին առնչվող հարցերի շրջանակում հաստատվեցին 90 կրեդիտ աշխատածավալով առկա ուսուցման մագիստրոսական ծրագրերի թեզերի թեմաներն ու գիտական ղեկավարների կազմը։ Հաստատվեցին «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ծրագրի 9, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրի 46, «Շուկայագիտություն (մարքեթինգ)» ծրագրի 36 և «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի 26 թեմա։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր, այդ թվում՝ ԵՊՀ շարունակական կրթության զարգացման ծրագրի շրջանակում կարճաժամկետ լրացուցիչ կրթության մոդուլային դասընթացների մշակման վերաբերյալ։ Ֆակուլտետի դեկան Կ. Խաչատրյանը ներկայացրեց առաջարկվող ֆինանսական մեխանիզմից ակնկալվող զուտ արդյունքի տնօրինման հնարավորությունները, ինչպես նաև ծրագրերի ներկայացման և ընտրության փուլային գործընթացը՝ կարևորելով պրոֆեսորադասախոսական կազմի ներուժի օգտագործումն ու շարունակական կրթության ոլորտում ֆակուլտետի մասնակցության ընդլայնումը։
Նիստի վերջին հարցը վերաբերում էր «QS World University Rankings 2028» վարկանիշավորման գործընթացի շրջանակում ֆակուլտետից անհրաժեշտ տեղեկության հավաքագրմանն ու տրամադրմանը։ Ֆակուլտետի դեկան Կ. Խաչատրյանն ընդգծեց գործընթացի կարևորությունը ԵՊՀ միջազգային տեսանելիության ու հեղինակության բարձրացման, ինչպես նաև միջազգային համալսարանական վարկանիշավորման գործընթացներին արդյունավետ մասնակցության տեսանկյունից։ Դեկանը հորդորեց գործընկերներին սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել ակադեմիական ու գործընկերային միջազգային համագործակցության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը, ինչպես նաև ակտիվ հետադարձ կապ պահպանել արտասահմանյան գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով QS վարկանիշավորման հարցումներին մասնակցելու կարևորության մասին և աջակցելով ստացված հրավերներին արձագանքելու գործընթացին։




