Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թ. հիմնադրվել է առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թ.: 1975-1983 թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո՝ 1984 թ., համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, այնուհետև՝ 1991 թ., վերանվանվել տնտեսագիտության, իսկ 2014 թ.՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա ուսուցման եռաստիճան համակարգ (բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական):
Ի թիվս արդիական այլ ծրագրերի՝ ֆակուլտետում գործում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում։ Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն 2-րդ կուրսից ուսումը շարունակելու Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնային հովտի կազմակերպություններում։
Սկսած 2002 թվականից՝ ԵՊՀ-ում ֆակուլտետի գիտական ներուժի հիման վրա գործում է ՀՀ ԲՈԿ-ի տնտեսագիտության թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը:
Գործում է նաև սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը, որտեղ կատարվող հետազոտությունները նպատակաուղղված են երկրում սահմանադրական դեֆիցիտի կրճատմանը և ազգային անվտանգության հայեցակարգային խնդիրների լուծմանը:
Ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար գիտնականներ, որոնք վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում։ Համատեղության կարգով դասավանդում են նաև հանրապետության պետական կառավարման, ֆինանսաբանկային ոլորտների, առաջատար տարբեր կազմակերպությունների լավագույն մասնագետները:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ունի գործակցային կապեր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և գիտակրթական հաստատությունների հետ։
Ֆակուլտետում ուսանողական առօրյան ավելի հագեցած է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ։ Փոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում, մասնակցելու միջազգային ծրագրերի և նախագծերի։
Վերջին տարիներին ֆակուլտետն ուսուցման տարբեր ձևերով ավարտում է տարեկան ավելի քան 400 շրջանավարտ, որոնք աշխատում են պետական համակարգում (այդ թվում՝ ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում), ՀՀ կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, մասնավոր ձեռնարկություններում և այլուր։