Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կշիշտոֆ Կոմպայի (Krzysztof Kompa) «Զարգացման համեմատական ուսումնասիրություններում սինթետիկ չափորոշիչները. կիրառման օրինակներ» («Synthetic Measures of Development in Comparative Studies: Examples of Applications») թեմայով առցանց դասախոսությունը, որին մասնակցեցին ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները։
Պրոֆեսոր Կոմպան Լեհաստանի Վարշավայի կենսաբանական գիտությունների համալսարանի ֆինանսական ճարտարագիտության ամբիոնի նախկին ղեկավարն է, Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգի համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի ավագ գիտաշխատող, ինչպես նաև CEST միջազգային հետազոտական ասոցիացիայի («Current Economic & Social Topics International Research Association») գործադիր փոխնախագահը։
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Կոմպան ներկայացրեց սոցիալ-տնտեսական զարգացման համեմատական գնահատման ժամանակակից մեթոդաբանական մոտեցումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սինթետիկ ցուցանիշների կառուցմանը և դրանց գործնական կիրառությանը։ Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց տարբեր սոցիալ-տնտեսական երևույթներ բնութագրող բազմաթիվ ցուցանիշների համադրման միջոցով ընդհանրացված չափումների ձևավորմանը, դրանց կիրառությամբ երկրների և տարածաշրջանների զարգացման մակարդակների գնահատմանն ու համեմատությանը։ Ներկայացվեցին նաև սինթետիկ ցուցանիշների կիրառման օրինակներ՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է բազմաչափ տվյալների հիման վրա ստանալ համադրելի գնահատականներ և բացահայտել ուսումնասիրվող երևույթների միջև առկա տարբերություններն ու զարգացման միտումները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տվյալների մշակման և վերլուծության մեթոդներին, ցուցանիշների ընտրության ու համադրման կարևորությանը, ինչպես նաև ստացված արդյունքների մեկնաբանմանը։ Այս համատեքստում կարևորվեց վիճակագրական մեթոդների կիրառությունը ոչ միայն առանձին տնտեսական ցուցանիշների գնահատման, այլև բարդ սոցիալ-տնտեսական գործընթացների ամբողջական և համեմատական ուսումնասիրության տեսանկյունից։
Դասախոսությունը կարևոր հնարավորություն էր ուսանողների համար՝ ընդլայնելու գիտելիքները բազմաչափ վիճակագրական վերլուծության և քանակական հետազոտության ժամանակակից գործիքների վերաբերյալ։ Այն նաև նպաստեց տեսական գիտելիքների և հետազոտական մեթոդների գործնական կիրառության կապի բացահայտմանը՝ հնարավորություն ընձեռելով ավելի խորությամբ ընկալելու տվյալահենք վերլուծության դերը սոցիալ-տնտեսական զարգացման գնահատման և հետազոտական որոշումների հիմնավորման գործընթացում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են նման առցանց դասախոսություններ՝ միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և ոլորտի հայտնի մասնագետների ներգրավմամբ։ Ֆակուլտետի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ ուսանողները հնարավորություն կունենան առաջիկայում ևս մեկ առցանց դասախոսություն լսելու պրոֆեսոր Կշիշտոֆ Կոմպայի մասնակցությամբ՝ շարունակելով ծանոթանալ նրա գիտական փորձառությանն ու հետազոտական մոտեցումներին։



