Նոյեմբերի 10-11-ը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներն ուսումնաճանաչողական այցով եղել են Սյունիքի մարզում՝ այցելելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ)։ Ուսանողներին ուղեկցում էր ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Վարդան Ալեքսանյանը։ Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի՝ արտադրական մեծ հզորություններ ունեցող արդյունաբերական ձեռնարկության գործունեությանը, կառավարման համակարգին և ֆինանսատնտեսական գործընթացներին։
Ուսանողները տեղում ուսումնասիրել են խոշոր արտադրական համալիրի գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, ծանոթացել արտադրության հիմնական փուլերին, ռեսուրսների կառավարման մոտեցումներին ու լոգիստիկ գործընթացներին։ Ներկայացվել են նաև հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումները, արտադրական անվտանգության պահանջներն ու բնապահպանական ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Այցը հնարավորություն է տվել ուսանողներին տեսական դասընթացներում ուսումնասիրվող տնտեսական և կառավարչական գործընթացները դիտարկելու գործող արդյունաբերական կազմակերպության օրինակով՝ առավել հստակ պատկերացնելով տնտեսագիտական գիտելիքների կիրառման ոլորտներն ու մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները։
Մասնագիտական ծրագրին զուգահեռ՝ ուսանողներն այցելել են նաև Տաթևի վանական համալիր և Վահանավանք՝ ծանոթանալով Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համագործակցությունն ուղղված է կրթության և գործարար միջավայրի միջև կապերի ամրապնդմանը, ուսումնական գործընթացում գործնական բաղադրիչի ընդլայնմանը և ուսանողների մասնագիտական զարգացմանը։ Նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների՝ տեսական գիտելիքները գործնական միջավայրում կիրառելու հմտությունների զարգացմանը և ապագա մասնագիտական գործունեության վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում ձևավորելուն։


