ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գործունեության առանցքում կրթության որակի շարունակական բարելավումն է, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայրի ձևավորումն ու կրթական ծրագրերի մրցունակության բարձրացումը, որոնց ապահովմանն ուղղված կարևոր քայլերից է վեց կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը։
Բակալավրիական «Կառավարում», «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և մագիստրոսական «Գործարար վարչարարություն», «Շուկայագիտություն», «Տվյալագիտությունը բիզնեսում» կրթական ծրագրերը ներկայում գնահատման և որակավորման ակտիվ գործընթացում են։
Հավատարմագրումն իրականացնում է FIBAA (Foundation for International Business Administration Accreditation) հեղինակավոր միջազգային գործակալությունը, որը շվեյցարա-գերմանական ծագում ունեցող և բարձրագույն կրթության ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող հավատարմագրող կառույց է։ Գործակալությունն իրականացնում է ինչպես կրթական ծրագրերի, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ գնահատելով դրանց համապատասխանությունը որակի միջազգային չափանիշներին։
Միջազգային հավատարմագրման գործընթացի շրջանակում օրերս ԵՊՀ որակի ապահովման կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում FIBAA-ի ներկայացուցիչ Յուլիա Բլեշմուդտի (Yuliia Bleshmudt) հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ֆակուլտետի հավատարմագրման գործընթացի համակարգող, «Կառավարում» կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Նոննա Խաչատրյանը, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հավատարմագրման գործընթացի կազմակերպմանն առնչվող առանցքային հարցեր, FIBAA-ի փորձագիտական մոտեցումներն ու գնահատման պահանջները, ինչպես նաև հստակեցվել են փորձագիտական այցի ժամկետները։
Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը կարևոր քայլ է ֆակուլտետի՝ կրթության որակի շարունակական բարձրացման հանձնառության իրականացման ճանապարհին։ Այն հնարավորություն է տալիս համակողմանիորեն գնահատելու կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման և ուսումնառության մեթոդները, ուսումնառության վերջնարդյունքները, աշխատաշուկայի պահանջներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը։ Միաժամանակ գործընթացը կարևոր հարթակ է՝ բացահայտելու զարգացման նոր հնարավորություններ, վերանայելու առկա մոտեցումները և ներդնելու միջազգային լավագույն փորձը։
ԵՊՀ ռազմավարական քաղաքականության կարևոր ուղղություններից է համալսարանի միջազգային ճանաչելիության և մրցունակության բարձրացումը, միջազգային ակադեմիական տարածքում դիրքերի ամրապնդումն ու կրթական ծրագրերի միջազգայնացումը։ Այս առումով միջազգային հավատարմագրումը ոչ միայն առանձին կրթական ծրագրերի որակի գնահատման մեխանիզմ է, այլև համալսարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու և միջազգային կրթական հարթակներում առավել տեսանելի ու մրցունակ դառնալու ռազմավարական նպատակների իրականացման կարևոր գործիք։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար այս գործընթացը կրթության որակի նկատմամբ հետևողական մոտեցման և զարգացման երկարաժամկետ հանձնառության արտահայտություն է։ Ֆակուլտետը կարևորում է այնպիսի կրթական միջավայրի ձևավորումը, որտեղ մասնագիտական գիտելիքը, կարողություններն ու արդիական հմտությունները համադրվում են միջազգային չափանիշների և աշխատաշուկայի զարգացող պահանջների հետ՝ նպաստելով շրջանավարտների մրցունակությանն ու մասնագիտական հաջողություններին։