Ս.թ. հունվարի 19-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության դպրոցի դոցենտ Ինեսսա Ավանեսովայի հետ:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը և Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գնել Սահակյանը:
Քննարկվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նոր գործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Հանդիպմանը նախանշվեցին համատեղ նախագծերի իրականացման վեկտորները, այդ թվում՝ ուսանողների ֆինանսավորման, Եվրասիական տնտեսական միության գործունեության և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող սոցիալ-տնտեսական նշանակության կարևոր թեմաներով համատեղ գիտական հետազոտությունների կատարման, ինչպես նաև միջազգային գիտաժողովների անցկացման, նոր կրթական ծրագրերի ներդրման և առկա ծրագրերի արդիականացման ուղղություններով:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ կկարողանան համատեղ մի շարք ծրագրեր իրականացնել՝ նպաստելով գիտակրթական բնագավառի արդյունավետության բարձրացմանը, գործընկերային կապերի ամրապնդմանը:
Ըստ պայմանավորվածության՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը գարնանը կմասնակցի Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական դպրոցի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
Ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի հրավերով օտարերկրյա գործընկերներն էլ աշնանը կմասնակցեն Երևանում կազմակերպվող ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակում է ընդարձակել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: