ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվեց թեմատիկ բանավեճ, որը նվիրված էր արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և ազդեցությանը կրթական համակարգում։

Ս.թ. մայիսի 16-ին կազմակերպված բանավեճին մասնակցում էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներից և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ավագ դասարանների աշակերտներից կազմված թիմերը։ Բանավեճն անցկացվեց համալսարան – դպրոց համագործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով խթանելու վերլուծական մտածողության զարգացումը, խրախուսելու երիտասարդների մասնակցությունը գիտահետազոտական քննարկումներին և խորացնելու համալսարանական ուսանողների ու ապագա դիմորդների համագործակցությունը։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս դպրոցականներին ավելի լավ ծանոթանալու բուհական միջավայրին, մասնագիտական ուղղություններին և կրթական գործընթացների առանձնահատկություններին։
Թիմերը հանդես եկան բարձր պատրաստվածությամբ, ներկայացրին հիմնավորված դիրքորոշումներ և տարբեր տեսանկյուններից վերլուծեցին արհեստական բանականության դերը կրթության մեջ։ Արհեստական բանականության դերը կրթական համակարգում թեմայով բանավեճը կրում էր ինտերակտիվ բնույթ՝ խթանելով քննարկումը, կարծիքների փոխանակումը և թեմայի բազմակողմանի ընկալումը։

Ժյուրին բարձր գնահատեց երկու թիմերի քննադատական մտածողությունը, տրամաբանական փաստարկումները և թիմային համագործակցության կարողությունները, ուստի որոշվեց չառանձնացնել հաղթող թիմ։ Ընդգծվեց, որ բանավեճի գլխավոր ձեռքբերումն էր մասնակիցների ակտիվությունը, գաղափարների մշակման և ներկայացման կարողությունների զարգացումը, ինչպես նաև ուսանող-դիմորդ համագործակցության խորացումը։