Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հաջողությամբ ավարտվեցին 2024-2025 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։ Տարին աչքի ընկավ ինչպես արդի զարգացումները արտացոլող հետաքրքիր աշխատանքներով, այնպես էլ ուսանողների համարձակ առաջարկություններով:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանն ամփոփիչ խոսքում ընդգծեց, որ ուսանողների հետազոտական աշխատանքները օրեցօր դառնում են ավելի կիրառական և նպատակային՝ հիմնված վիճակագրական վերլուծության, ոլորտային ուսումնասիրությունների և տնտեսության տարբեր հատվածների իրական խնդիրների վրա։ Պաշտպանությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ուսումնառության ընթացքում ձևավորված գիտելիքը ուսանողները կարողանում են արդյունավետ կիրառել՝ վերհանելով մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ և առաջարկելով հիմնավորված լուծումներ։ Այս տարի ուսանողները ոչ միայն կարողացան լավ ներկայացնել վերլուծությունները, այլև հանդես եկան հիմնավորված և համարձակ առաջարկություններով։

Կարևոր է նաև արձանագրել, որ հետազոտությունը կատարելիս ուսանողները չեն սահմանափակվում միայն տեսական վերլուծություններով: Գիտական ղեկավարների համատեղ ջանքերով ուսանողները կարողանում են կատարել տվյալների համակողմանի վերլուծություն, կիրառել մոդելավորման բավական բարդ և ժամանակակից մեթոդներ, ստանալ արժանահավատ գնահատականներ և առաջարկել խնդիրների առավել հիմնավոր լուծումներ։ Վերջին տարիներին ակնառու է նաև միջգիտակարգային մոտեցումների աշխուժացումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառումը հետազոտություններում:
Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաները թարմացվում են յուրաքանչյուր տարի՝ արձագանքելով ոչ միայն ուսանողների մասնագիտական նախասիրություններին, այլև տնտեսության միտումներին և պահանջներին համաժամանակյա արձագանքման տրամաբանությամբ:

Ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանի գնահատմամբ՝ ընդհանուր պատկերը հուսադրող է. «Այս տարվա ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը վկայում են ուսանողների հետազոտական և վերլուծական կարողությունների խորացման մասին»։
Ընդհանուր առմամբ, առկա և հեռակա ուսուցման համակարգերում անցկացվել են բակալավրի կրթական ծրագրի ավարտական 231 աշխատանքների և մագիստրոսական կրթական ծրագրի 38 թեզերի պաշտպանություններ։ Ուսանողները հիմնականում հաղթահարել են սահմանված նվազագույն շեմը՝ բացառությամբ երեք ուսանողների, որոնք հնարավորություն կունենան հաջորդ տարի առավել բարձր պատրաստվածությամբ ներկայանալու պաշտպանության։

Ողջունելի է նաև այն հանգամանքը, որ բակալավրիատի շրջանավարտները հետաքրքրված են կրթական ուղու շարունակությամբ և արդեն դիմել են ֆակուլտետի մագիստրոսական տարբեր ծրագրերի։ Առավել մեծ հետաքրքրություն գրանցվել է այնպիսի արդիական ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են «Տվյալների գիտությունը բիզնեսում», «Գործարար վարչարարություն (կառավարում)», «Ֆինանսներ», «Շուկայագիտություն (մարքեթինգ)» և կրթական մի շարք այլ ծրագրեր։ Այս հանգամանքը վկայում է ոչ միայն ուսանողների մասնագիտական զարգացման ձգտման, այլև ֆակուլտետի կողմից իրականացվող շարունակական վերանայումների ու նորարարական մոտեցումների մասին։ Այս գործընթացը կարևոր է նաև ակադեմիական միջավայրի գրավչության բարձրացման և որակյալ մասնագիտական ներուժի ձևավորման տեսանկյունից։
Ամփոփիչ ատեստավորող հանձնաժողովներն ապահովեցին ԵՊՀ ակադեմիական չափանիշներին համապատասխան թափանցիկ պաշտպանություն և օբյեկտիվ գնահատում։ Ատեստավորման հանձնաժողովները ձևավորվել էին ոչ միայն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, այլև ոլորտային անկախ փորձագետների ու գիտնականների մասնակցությամբ՝ ապահովելով բազմակողմանի գնահատական թե՛ ակադեմիական, թե՛ գործնական ու կիրառական տեսանկյուններից։

Ներկայացված հաշվետվություններում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ի դեմս նախագահների, լավ են գնահատում ուսանողների ընդհանուր պատրաստվածությունը՝ միաժամանակ առանձնացնելով մի քանի ուղղություններ, որոնց մասով վերանայումները և լավարկումները կարող են ավելի բարձրացնել պաշտպանության կազմակերպման որակը: Դիտարկումները վերաբերում էին ինչպես գրախոսությունների կազմակերպման գործընթացի կազմակերպմանը և թեմաների հստակեցմանը, այնպես էլ ուսանողների կողմից հրապարակային ներկայացման հմտությունների կատարելագործմանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը շարունակաբար ամրապնդում է իր առաջատար դիրքերը տնտեսագիտական կրթության ոլորտում: Ֆակուլտետն իր առաքելությունը տեսնում է ոչ միայն որակյալ ակադեմիական կրթության մատուցման, այլև ուսանողների հետազոտական և վերլուծական կարողությունների, փափուկ հմտությունների ձևավորմանը և կատարելագործմանը նպաստելու մեջ։ Նախանշված միտումները հիմք են տալիս ակնկալելու նոր որակի ու ներուժի շարունակական զարգացում առաջիկա տարիներին։