ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետազոտական թիմը, ի դեմս ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանի, «Կառավարում» կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Նարինե Միրզոյանի և ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանի, ս․թ․ սեպտեմբերի 10-12-ը մասնակցեց Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացած Իտալիայի տարածաշրջանային գիտության ասոցիացիայի (AISRE) «XLVI ամենամյա գիտական կոնֆերանս-2025»-ին:

Գիտաժողովի շրջանակում թիմը հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով Օվիեդոյի համալսարանի պրոֆեսոր Ֆերնանդո Ռուբիերայի հետ համատեղ կատարած «Integration of electric vehicles as a sustainable development approach: the case of Yerevan as a smart city» թեմայով հետազոտության արդյունքները։ Հետազոտության թեման աշխարհում մեծ տարածում ստացած կայուն զարգացման համատեքստում «կանաչ» տնտեսության ձևավորման միտումների շրջանակում է, ինչն ուղղակիորեն առնչվում է ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի մասնագիտական ուղղություններին:
Օտարերկրյա գործընկերոջ հետ համագործակցությունը պայմանավորված է նրանով, որ պրոֆեսոր Ռուբիերան ունի հարուստ փորձ կայուն քաղաքների հետազոտության ոլորտում։ Հետազոտական խմբի նպատակն է այդ փորձը տեղայնացնել Հայաստանի օրինակով՝ դարձնելով այն միջազգային գիտական քննարկումների առարկա։ Կողմերի համագործակցությունը կլինի շարունակական և առաջիկայում կընդգրկի նաև հետազոտության հարակից ուղղությունները։
Միջազգային գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև մասնագիտական քննարկումներ, հաստատվեցին գիտական կապեր՝ հետագայում միջազգային համագործակցությունների շրջանակն ընդլայնելու նպատակով: