ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը Կառլեն Խաչատրյանը ս.թ. հոկտեմբերի 14-ին առցանց ձևաչափով մասնակցեց Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային 7-րդ գիտաժողովին
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը մասնակցեց Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած «Նորարարությունները թվային տնտեսությունում» խորագրով միջազգային 7-րդ գիտաժողովին:
Ողջունելով ներկաներին՝ դեկանը շնորհավորեց կազմակերպիչներին գիտաժողովի կայացման և տարիների ընթացքում ձևավորված գիտական ավանդույթի պահպանման համար՝ ընդգծելով, որ այն դարձել է գիտնականների, նորարարների և քաղաքականություն մշակողների միջև մտքերի փոխանակման կարևոր հարթակ։

Կ. Խաչատրյանը բարձր գնահատեց Երևանի պետական և Պոլիտեխնիկական համալսարանների միջև ձևավորված գործընկերական կապերը՝ նշելով, որ Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանը գիտական և տեխնոլոգիական կարևոր կենտրոն է։ Նա կարևորեց համատեղ հետազոտությունների, թվային նորարարության և մասնագիտական կրթական ծրագրերի շրջանակում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նման հարթակներն են ձևավորում ապագայի տնտեսագետների և կառավարիչների այն սերունդը, որը կկարողանա առաջնորդել տնտեսությունը։ Կ. Խաչատրյանն անդրադարձավ նաև թվային փոխակերպման ազդեցությանը՝ ընդգծելով, որ այն այլևս ապագայի հեռանկար չէ, այլ ներկա իրականություն, որը ստիպում է վերաիմաստավորել աշխատանքի, կրթության և արժեքի ստեղծման ձևերը։
«Արհեստական բանականության, տվյալների վերլուծության և թվային հարթակների զարգացման արագությունը մարտահրավեր է նետել ոչ միայն մեր տնտեսություններին, այլև մեր հաստատություններին, մեր կրթական համակարգերին և մարդկային կապիտալի մեր ընկալմանը։ Ահա թե ինչու են նման գիտաժողովները այդքան կարևոր։ Դրանք միավորում են մարդկանց, որոնք ոչ թե պասիվ դիտորդի կարգավիճակով են հետևում այդ փոփոխություններին, այլ դրանց կենտրոնում են և նախաձեռնում են դրանք»,- նշեց դեկանը։
Ամփոփելով իր խոսքը՝ դեկան Կ. Խաչատրյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ ընթացք, հետաքրքիր քննարկումներ և նոր գաղափարներ՝ կառուցելու թվային տնտեսություն, որը հզորացնում է մարդկանց, խթանում ստեղծարարությունը և ապահովում բարեկեցություն բոլորի համար: