Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական հարցերի գծով պատասխանատու Անի Խալաթյանը հոկտեմբերի 1–2-ը մասնակցել է Նեապոլում (Իտալիա) Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարանում զարգացմանն աջակցող նորարարությունների և ծառայությունների հետազոտական ինստիտուտի (CNR IRISS) հետ համատեղ անցկացված «Փոխակերպվող քաղաքային համակարգերի նախագծում» խորագրով միջազգային գիտաժողովին։
Գիտական այս միջոցառումը կազմակերպվել էր Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր և «CNR IRISS»-ի անդամ Լուիջի Ֆուսկո Ջիրարդի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ձևավորելու գիտական արդյունքներ COP30 (Բելեմ, 2025) համաժողովի համար և քննարկելու կայուն քաղաքային համակարգերի, կլիմայի փոփոխության և սոցիալ-տնտեսական բարեկեցության խնդիրները։
Բացման նիստը նախագահել է «CNR IRISS»-ի տնօրեն Պաոլո Լանդրին: Գլխավոր բանախոսների թվում էին Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կառլոս Մորենոն, Քեթրին Գալը, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ տնտեսագետ Պիտեր Նեյկամպը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) գործադիր տնօրեն, Նիդեռլանդների բաց համալսարանի «Խելացի քաղաքներ և տվյալների վերլուծություն» ծրագրի գիտական ղեկավար Կարիմա Կուրտիտը:
Անի Խալաթյանը գիտաժողովին ներկայացրել է իր հետազոտությունը՝ «Էներգետիկ համակարգի ազատականացման ազդեցությունը Հայաստանի քաղաքների կլիմայական հարմարվողականության սոցիալ-տնտեսական ցուցանիշների դինամիկայի վրա» խորագրով։ Ներկայացման ընթացքում ընդգծվել են ոլորտում առկա ռիսկերն ու մարտահրավերները, ինչպես նաև ձևակերպվել են այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով կարելի է արդյունավետորեն իրականացնել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը Հայաստանում։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ հետազոտություններ և անցկացվել խորքային քննարկումներ՝ ուղղված բնակավայրերում կյանքի որակի բարձրացմանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքող քաղաքային պլանավորման մոտեցումներին։ Հանդիպումների ընթացքում ամփոփվել են գիտաժողովի հիմնական եզրակացությունները, որոնք ներառվելու են Տարածաշրջանային գիտության ակադեմիայի նախաձեռնությամբ Բելեմում անցկացվելիք ՄԱԿ-ի «COP-30» կլիմայի կոնվենցիային ներկայացվող «Կլիմայի փոփոխություն և նոր բարեկեցության հասարակություն» թեմայով մանիֆեստում։
Գիտաժողովի շրջանակում Անի Խալաթյանը երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել գիտաժողովի մասնակից առաջատար տնտեսագետների հետ, որոնք հոկտեմբերի 8–10 ժամանելու են Հայաստան՝ մասնակցելու նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայանալիք «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովին:

