ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. հոկտեմբերի 8-10 անցկացվեց «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որի կազմակերպմանը աջակցություն ցուցաբերեցին ֆինանսական առաջատար կառույցները՝ «Հայաստանի բանկերի միությունը», «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն։ Ֆակուլտետին աջակցելու նրանց պատրաստակամությունը և կառուցողական մոտեցումը ևս մեկ անգամ վկայում են, որ գործընկեր կառույցները, կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, կանգնած են գիտության կողքին և նպաստում են գիտակրթական նախաձեռնությունների զարգացմանը:
«Արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող միջազգային այս գիտաժողովը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամենակարևոր նախաձեռնություններից է, որի նպատակը ֆակուլտետի զարգացումն է ոչ միայն որպես կրթական կենտրոն, այլև հարթակ՝ միջազգային համագործակցության, գիտական առաջխաղացման և ազգային տնտեսական քաղաքականության վերարժևորման: Գործընկերների հետ համագործակցությամբ անցկացվող գիտական այս միջոցառման շնորհիվ մենք կառուցում ենք նոր կամուրջներ Հայաստանի և համաշխարհային ակադեմիական համայնքի միջև»,- նշեց ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ գիտության զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մասնավոր հատվածը գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը հասարակության գիտելիքահենք զարգացման գործում։
«Մեր հովանավորների և գործընկերների մասնակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև գաղափարական ներդրում՝ ապացույց, որ բիզնեսը և գիտությունը կարող են և պետք է «քայլեն» նույն ուղղությամբ։ Այսօր մենք ոչ միայն կազմակերպում ենք լայն մասշտաբ և աշխարհագրություն ունեցող գիտաժողով, այլև ձևավորում ենք համագործակցության մշակույթ՝ հանուն գիտության, կրթության և ազգային տնտեսության մրցունակության բարձրացման»,- ընդգծեց Կ. Խաչատրյանը։
Հովանավոր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծում են այսօրինակ համագործակցության կարևորությունը և դրա ազդեցությունը գիտական ու կրթական միջավայրի զարգացման վրա։ Ֆակուլտետի գիտակրթական շատ նախաձեռնություններ կյանքի են կոչվում նաև վերջիններիս հետ կառուցողական համագործակցության արդյունքում: Արդեն 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվող գիտաժողովին աջակցություն են ցուցաբերում Հայաստանի ֆինանսական ոլորտի հայտնի կառույցները և խոշոր բիզնեսների ներկայացուցիչները:
Գիտաժողովին աջակցած բանկերի ներկայացուցիչները համակարծիք են, որ նման նախաձեռնությունները նպաստում են թե՛ գիտության զարգացմանը, թե՛ մասնագիտական կրթության որակի բարձրացմանը։
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ յուրաքանչյուր միջազգային գիտաժողով խթանում է երիտասարդ սերնդի ոգևորությունը՝ ընտրած մասնագիտության մեջ լավագույնը դառնալու ճանապարհին։
Ըստ Մհեր Աբրահամյանի՝ «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով գիտաժողովը կարևոր հարթակ էր երիտասարդ մասնագետների, ուսանողների և փորձագետների միջև գիտելիքի, փորձի և նոր գաղափարների փոխանակման համար։ Գիտաժողովը ոչ միայն նպաստեց ակադեմիական միջավայրի ակտիվացմանը, այլև հնարավորություն տվեց մասնակիցներին հասկանալու տնտեսության և կառավարման իրական մարտահրավերները՝ միևնույն ժամանակ ձևավորելով գիտելիքով և նորարարական մտածողությամբ զինված նոր սերունդ, որը կարող է դառնալ երկրի զարգացման շարժիչ ուժը։
«Բանկ–համալսարան համագործակցությունը պետք է լինի շարունակական և փոխշահավետ գործընթաց՝ ներառելով ինչպես ուսանողական պրակտիկայի և վերապատրաստման ծրագրերը, համատեղ հետազոտությունները ֆինանսական տեխնոլոգիաների և կայուն զարգացման ոլորտներում, այնպես էլ համալսարանական գիտական ներուժը և բանկային փորձը միավորող համատեղ ինովացիոն արտադրանքի ստեղծումը»,- հավելեց նա։
ՀՀ առաջատար բանկերի ղեկավարները համակարծիք են այն հարցում, որ ֆակուլտետի գիտակրթական նմանօրինակ նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են երկրում գիտության զարգացմանը, այլև ստեղծում են երկարաժամկետ հենասյուն՝ բիզնեսի և ակադեմիական միջավայրի միջև արդյունավետ փոխգործակցության համար։
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն և տնօրինության նախագահ Գարեգին Դարբինյանը վստահ է՝ կրթության և գիտության մեջ կատարված յուրաքանչյուր ներդրում վերադարձ է բերում՝ ավելի գիտակից, նախաձեռնող և պատասխանատու սերնդով: Նրա խոսքով՝ «Ֆասթ Բանկը» որդեգրվել է երիտասարդ սերնդին կրթելու ռազմավարություն՝ օգնելու նրանց բացահայտել սեփական ներուժը և դառնալ առաջատար մասնագետներ։ Շատ կարևոր է նաև սովորելուն զուգահեռ՝ ներգրավել արտասահմանյան ակադեմիական միտքը․ դա հնարավորություն է տալիս վերազինելու մեր գիտնականներին և դասախոսներին, որոնք իրենց հերթին այդ գիտելիքն ու փորձը փոխանցում են ուսանողներին՝ նրանց դարձնելով մրցունակ և ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան մասնագետներ։
«Ֆասթ Բանկը» առաջնորդվում է նորարարական մտածողությամբ, և մենք չենք կարող առանձին մնալ ակադեմիական դիսկուրսից»,- նշեց Գարեգին Դարբինյանը։
Անդրադառնալով բուհ–բիզնես համագործակցության հեռանկարային ձևաչափերին՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ընդգծեց, որ փոխակերպվող տնտեսության այս դարաշրջանում ամենամեծ և անփոխարինելի արժեքը մարդն է՝ իր ստեղծագործական մտքով։ Նրա խոսքով՝ «Ֆասթ Բանկը» շարունակաբար ներդրումներ է կատարում գիտակրթական ոլորտում՝ սատարելով ստեղծագործ և առաջատար միտք ունեցող մարդկանց, ակադեմիական շրջանակներին, մշակութային ինստիտուտներին, ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը։ Ֆասթ Բանկի այս տեսլականն անփոփոխ է և մնում է Բանկի առաքելությունների շրջանակում։
Ինչպես մատնանշեց Կառլեն Խաչատրյանը, Հայաստանի բազմաթիվ պետական կառույցների, խոշոր բիզնեսների և ֆինանսական ոլորտի կազմակերպությունների ղեկավարների ու կադրերի զգալի մասը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներ են: Այսօր էլ ֆակուլտետը շարունակում է լինել այդ կառույցներին որակյալ կադրերով ապահովող գլխավոր կրթօջախը։ Գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորման շարժառիթներն ու ձևաչափերը իհարկե բազմազան են՝ սկսած համատեղ հետազոտություններից, ավարտած կրթաթոշակների տրամադրումից և պոտենցիալ աշխատողների ընտրությունից։ Ֆակուլտետը նպատակ ունի զարգացնելու բուհ-բիզնես համագործակցության ներուժը ոչ միայն կադրերի պատրաստման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման, ինովացիաների ներդրման ու գործարար ոլորտի զարգացման, այլև գիտության զարգացման և միջազգային գիտական արդյունքների հասանելիության ընդլայնման ուղղությամբ։ Աջակցելով ֆակուլտետին՝ կազմակերպությունները անուղղակիորեն ներդրում են կատարում նաև իրենց ապագա կադրերի կրթության մեջ՝ ստեղծելով հնարավորություն ուսանողների համար ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:
Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը համոզված է, որ գիտության և ֆինանսական համակարգի գործակցությունը զարգացման և նորարարական աճի առանցքային հենասյուներից մեկն է: Գիտական հետազոտությունները հնարավորություն են տալիս վերլուծելու տնտեսական միտումները, գնահատելու ռիսկերը և ձևավորելու փաստարկված քաղաքականություններ ու գործիքներ՝ նպաստելով ֆինանսական համակարգի արդյունավետության բարձրացմանը, իսկ ֆինանսական համակարգը վերջիններս տեղափոխում է գործնական դաշտ՝ ապահովելով դրանց կիրառումը շուկայում և խթանելով երկարաժամկետ տնտեսական կայունությունը։
«Համալսարանն ու բանկային համակարգը միավորում են գիտելիքի, նորարարության և առաջադիմության ընդհանուր արժեքները։ ՀՀ բանկերի միությունը բարձր է գնահատում համալսարանների հետ երկարամյա համագործակցությունը՝ հիմնված գիտելիքի տարածման, նոր գաղափարների ձևավորման և նորարարությունների ներդրման վրա։ Մեր երկկողմ համագործակցությունը նպաստում է մարդկային կապիտալի աճին, ամրապնդմանը և երկարաժամկետ հատվածում տնտեսական կայունության ապահովմանը»,- նշում է ՀՀ բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը:
Այսպիսով, գիտաժողովի հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն առավել արդյունավետ է, երբ ունի վստահելի և հավատարիմ գործընկերներ։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնած միջազգային երկրորդ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը շնորհակալագրեր և գիտաժողովի խորհրդանշական հուշանվերներ հանձնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին, «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին և «Ֆասթ բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ Գարեգին Դարբինյանին:
«Արդեն մեկնարկել են միջազգային 3-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները, և ամեն ջանք ներդրվում է, որ վերջինս իր մասշտաբներով և գիտական արդյունքներով չզիջի և կարողանա անգամ գերազանցել ընթացիկ տարվա արձանագրումները, և որի անցկացման համար մենք ակնկալում ենք մեր գործընկերների շարունակական աջակցությունը»,- ամփոփեց Կառլեն Խաչատրյանը։
Ֆակուլտետը գնահատում է իր բոլոր հովանավորների և գործընկերների աջակցությունը և վստահ է, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում՝ նոր գիտական նախաձեռնություններով։






