ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և սոցիալ-տնտեսական գործընթացների պլանավորման» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ելենա Վալերիի Կուլչիցկայան՝ քննարկելու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և համատեղ գիտական աշխատանքներ տպագրելու հնարավորությունները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի հետ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, ֆակուլտետի միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը և Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ՝ գիտահետազոտական համագործակցության, համատեղ նախագծերի ու գիտական հրապարակումների ուղղություններով։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և սոցիալ-տնտեսական գործընթացների պլանավորման» ամբիոնի դոցենտ Ելենա Կուլչիցկայայի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ ուսումնական տարում: Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբջանյանի և նույն ամբիոնի դոցենտ Ամալիա Գալստյանի հետ իրականացվել են երկու համատեղ հետազոտություններ՝ կապված ծառայությունների ոլորտի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև կանաչ տնտեսության սոցիալական չափորոշիչների, աշխատողների բարեկեցության նախաձեռնությունների և HR քաղաքականությունների ինտեգրման հարցերի հետ: Հետազոտական աշխատանքներից մեկն արդեն իսկ տպագրվել է «РИНЦ» հրատարակչությունում, իսկ մյուսն առաջիկայում լույս կտեսնի «Springer»-ում։
Հետազոտական թիմն այժմ ուսումնասիրում է «Սթրեսի կառավարում և սթրեսակայունություն» թեման: Մշակված մեթոդաբանության շրջանակում նախատեսվում են հարցումներ ՀՀ և ՌԴ զբաղվածություն ունեցող անձանց շրջանում։ Պլանավորվում է նաև Հայաստան–Ռուսաստան և Ռուսաստան–Հայաստան միգրացիոն հոսքերի ուսումնասիրություն՝ դրանց ձևավորման վրա ազդող գործոնների բացահայտման և գնահատման նպատակով։
Այցի շրջանակում դոցենտ Կուլչիցկայան դասախոսություններ կարդաց բակալավրիատի «Տնտեսագիտություն» և «Կառավարում» կրթական ծրագրերի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար: Դասախոսության թեմաները տարբեր էին՝ «Աշխատանքի ներքին շուկան և կարիերայի աճի խնդիրները», «Անձնակազմի զարգացման և ադապտացման խնդիրները» և «Սթրեսի կառավարում և սթրեսակայունություն»:
Եռօրյա գերհագեցած այցի շրջանակում դոցենտ Կուլչիցկայան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար անցկացրեց նաև «Տնտեսագիտական առարկաների դասավանդման ստեղծարար մեթոդները» թեմայով վարպետության դաս: Ներկայացվեցին ինտերակտիվ դասախոսությունների օրինակներ՝ «Առաջնորդություն» և «Կոնֆլիկտների կառավարում» թեմաների շրջանակներում: Հանդիպումներն ամփոփվեցին արդյունավետ և կառուցողական քննարկումներով:
Ե. Կուլչիցկայան այցելեց նաև ՀՀ կենտրոնական բանկ, հանդիպում ունեցավ նաև Միգրացիայի և քաղաքացիական ծառայության ներկայացուցիչների հետ: Երևանի պետական համալսարանի պատմությանը, կառուցվածքին և մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով հյուրն այցելեց ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան:
Աշխատանքային հանդիպումների շրջանակում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջև համագործակցությունը շարունակելու ուղղությամբ: